Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, դեմ` 22 կոնգրեսական:

Քվեարկությանը, որը տեւեց մոտ մեկեւկես ժամ, մասնակցեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 46 անդամներից 45-ը:

Օրինագիծը մոտ մեկ տարի առաջ մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։

Թիվ 252 բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրություններում փաստված` մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի առնչությամբ», ինչպես նաեւ ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում «ճշգրիտ կերպով բնորոշել մեկեւկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. - «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են երկու միլիոն հայեր։ Նրանցից մեկեւկես միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե' նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե' նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։

Թիվ 252 օրինագծի դեպքում եւս թուրքական կողմը նույնպիսի հակազդեցություն է ցույց տալիս:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հանձնաժողովում քվեարկության արդյունքների հրապարակումից շատ չանցած Թուրքիան ետ է կանչել Միացյալ Նահանգներում իր դեսպանին` «խորհրդատվությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG