Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը այսօր կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը:

Օրինագիծը անցյալ տարի մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականներ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։

252 բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ այն իրադարձություններին, որոնք արձանագրված են Միացյալ Նահանգների փաստաթղթերում եւ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը։

Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. - «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե' նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե' նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG