Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում անցկացվում է Սերգեյ Փարաջանովի փառատոն


Փետրվարի 22-ից մայիսի 9-ը Մեծ Բրիտանիայում անցկացվում է Սերգեյ Փարաջանովի փառատոն: Լոնդոնում ու Բրիստոլում մոտ երեք ամիս ցուցադրվելու են Փարաջանովի ֆիլմերը, լինելու են նրա կյանքի ու արվեստի մասին քննարկումներ, սիմպոզիում, նրան նվիրված ու նրանով ոգեշնչված ցուցահանդեսներ, դասընթացներ:

Փետրվարի 27-ին Լոնդոնի Սբ. Եղիշե հայկական եկեղեցում անցկացված համերգը փառատոնի առաջին միջոցառումներից էր: Հայ համայնքի, մասնավորապես Տեր Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի նախաձեռնած այս համերգին ներկայացվեց թե հայկական, թե ուկրաինական երաժշտություն, իսկ լուսանկարիչ, Փարաջանովի ընկեր ու աշակերտ Յուրի Մեչիտովը խոսեց մաեստրոյի ծննդավայրի` Թբիլիսիի մասին:

«Ես հանդիպեցի Փարաջանովին 1978-ին, մեր ընկերությունը տեւեց մինչեւ նրա մահը: Վերջերս ես իրագործեցի երազանքս եւ գիրք հրատարակեցի Փարաջանովի կյանքի վերջին 11 տարիներ մասին, երբ նա վերադարձավ Թբիլիսի` իր ծննդավայրը, թեեւ շարունակում էր աշխատել Հայաստանում, պահում էր կապը Ուկրաինայի հետ: Բայց նրա արտիստիզմը, ստեղծագործ միտքը, դիմակահանդեսային ու տոնական տրամադրությունը խորապես կապված են Թբիլիսիի հետ, որը արվեստի մեծ ավանդույթներ ունեցող քաղաք է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեչիտովը։

Յուրի Մեչիտովն այս օրերին Լոնդոնի ազգային թատրոնում ներկայացնում է Փարաջանովի լուսանկարների ցուցահանդես: Կինոյի բրիտանական ինստիտուտում ցուցադրվում են Փարաջանովի հայտնի ու նաեւ վաղ շրջանի անհայտ ֆիլմերը` «Նռան գույնը», «Սայաթ Նովան», «Աշուղ Ղարիբը»։

Փառատոնի կազմակերպիչ Լեյլա Ալեքսանդր-Գարեթի խոսքով, ցուցադրվելու են նաեւ Փարաջանովի մասին պատմող վավերագրություններ, այդ թվում` Ալեքսադր Կալդանովսկու «Մաեստրո» ֆիլմը, որն արգելված է եղել ԽՍՀՄ-ում եւ մինչ այժմ չի ցուցադրվել Ռուսաստանում:

«2007-ին ես կազմակերպեցի Անդրեյ Տարկովսկու փառատոն, որը մեծ հաջողություն ունեցավ: Մասնակիցները խնդրեցին այլ փառատոններ եւս կազմակերպել: Տարկովսկին, իհարկե, սիրում էր Փարաջանովին, ասում էր` Սերգեյը Օլիմպոսի գագաթին է: Ես մտածեցի, որ Փարաջանովն իրոք արժանի է փառատոն ունենալ, քանի որ այստեղ քչերը գիտեն նրա մասին: Այս փառատոնը լիարժեքորեն կլուսաբանի նրա գործերն ու նրա կյանքը», - նշեց փառատոնի կազմակերպիչը։

Սբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցած համերգին ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանը:

Լեյլա Ալեքսանդր-Գարեթն ասում է, որ Հայաստանի պետական մարմինների հետ չի համագործակցել. աջակցություն է ստացել Լոնդոնի հայկական թեմից, Վրացական կազմակերպություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG