Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում է «գործող իշխանությունների տապալումը»


«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը միտված էր ոչ թե իրականության բացահայտմանը, այլ կոծկմանը, եւ չի անդրադարձել հետընտրական զանգվածային հանրահավաքների եւ այդ հանրահավաքները բռնությամբ ճնշելու բուն պատճառին: Այդ մասին հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ելույթ ունենալով մարտիմեկյան իրադարձությունների երկրորդ տարելիցի կապակցությամբ երկուշաբթի օրը ընդդիմության հրավիրած հանրահավաքում:

«Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուր հազարավոր մարդկանց ստիպում 10 օրեր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ` ընտրությունների կեղծված լինելու գիտակցությունը: Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ 5 հազար մարդ հավաքել: Եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա», - ընդգծեց Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի էջը փակված համարելու պնդումներին, նա նշեց, որ այն չի կարող փակված համարվել, «քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել մարտի 1-ի զոհերի ընտանիքները, քանի դեռ իրենց ազատությունը չեն գտել դեռեւս զնդաններում տառապող մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալները, քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեության համար ապօրինաբար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները, քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմակերպիչները, քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները, եւ վերջապես, քանի դեռ կեղծված ընտրությունների ու սվինների միջոցով իշխանությունը զավթած ավազակախումբը չի հեռացել ասպարեզից»։

«Մարտի 1»-ի էջը դուք եք բացել, պարոնա'յք բռնազավթիչներ եւ մարդասպաններ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու` ամենեւին չկասկածեք, երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ «Հոկտեմբերի 27»-ի` ձեր բացած էջը», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքական հրատապ հարցերի: Խոսելով հայ - թուրքական հարաբերությունների մասին` Հայաստանի առաջին նախագահը չհամաձայնեց այն կարծիքին, որ հայ - թուրքական հարաբերությունները փակուղի են մտել. - «Ավելի տեղին է խոսել ոչ թե փակուղու, այլ Սերժ Սարգսյանի հռչակած նախաձեռնողական արտաքին քաղաքականության խայտառակ ձախողման մասին»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ Տեր-Պետրոսյանը կասկածից վեր համարեց, որ այն արդեն թեւակոխել է հանգուցալուծման փուլ: Ըստ նրա` վերջնականապես համաձայնեցված է 5 շրջանների վերադարձի հարցը: Իսկ մնացած վիճահարույց հարցերը` Ղարաբաղի կարգավիճակը, խաղաղապահ ուժերի տեղակայումը կամ Լաչինի միջանցքի խնդիրը, առաջին նախագահի խոսքով, քննարկվել են Սոչիում, եւ այդ հարցերի շուրջ էլ որոշակի համաձայնություն ձեռք է բերվել, այն է` թույլ տալ կողմերին շրջանակային համաձայնագրում ընդգրկել ոչ միայն համաձայնեցված կետերը, այլեւ չլուծված խնդիրի վերաբերյալ առկա մտահոգությունները: «Պարզ ասած, հնարավորություն են տալիս նրանց` խաբելու սեփական ժողովուրդներին», - հավելեց Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթի ավարտին նա անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի հետագա անելիքներին եւ մատնանշեց այն հիմնական խնդիրները, որ Կոնգրեսը դրել է իր առջեւ: Դրանից գլխավորը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումն ու իշխանափոխությունն է:

Նա կանխատեսեց «ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո» գործող իշխանությունների տապալումը։

Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանությունները «թե' իրենց հանցավոր բնույթի, թե' արհեստավարժության ու տարրական գրագիտության բացակայության պատճառով» ի վիճակի չեն լուծելու երկրի առջեւ կանգնած որեւէ խնդիր, կատարելու իրավիճակի բարելավմանը միտված որեւէ դրական քայլ կամ արձանագրելու թեկուզ չնչին հաջողություն որեւէ ոլորտում։

«Դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ինչ են նրանք ժողովրդին տվել իրենց գոյության անցած երկու տարիների ընթացքում. միայն բանտ ու արյուն, ոստիկանական ու հարկային տեռոր, տնտեսական գահավիժում ու գործազրկություն, մանր ու միջին գործարարության ոչնչացում, թանկացումներ ու դրամի արժեզրկում, արտագաղթ ու կապիտալի արտահանում», - նշեց Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության առաջնորդը թվարկեց նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում, իր ձեւակերպմամբ, իշխանությունների ձախողումները՝ «Ցեղասպանության ուրացում, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման նվաստացուցիչ գործընթաց, Ղարաբաղի խնդրի խայտառակ հանգուցալուծման հեռանկար»։

Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի կարծիքով, «որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները»։ «Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար», - ասաց նա:

«Սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը` հավելելով. - «Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել»։

Հայ ազգայի կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը ապրիլի 6-ին է:

Երկուշաբթի օրվա հանրահավաքի ավարտից հետո սկսվեց երթը` դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի այլ ղեկավար ներկայացուցիչներ ծաղկեպսակ դրեցին 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հիշատակին, այնուհետեւ երթը շարունակվեց դեպի Հյուսիսային պողոտա:

Հանրահավաքն ու երթը անցան առանց միջադեպերի:

Հյուսիսային պողոտայում «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք այս հանրահավաքով ընդդիմադիր շարժման նոր շրջան է սկսվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. - «Հզոր միտինգ արեցինք, եզրակացությունները դո’ւք արեք»:


Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը
please wait

No media source currently available

0:00 0:05:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG