Մատչելիության հղումներ

Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները մնացին անփոփոխ


Հրազդանի ՋԷԿ-ը
Հրազդանի ՋԷԿ-ը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի օրը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ` անփոփոխ թողնելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագները:

«Այս վերանայումը պայմանավորված էր գազի սակագների վերանայմամբ: Ճշգրտվեցին էլեկտրաէներգետիկական շուկայում գործող լիցենզավորված որոշ ընկերությունների սակագներ` պայմանավորված ինչպես գազի նոր սակագնով, այնպես էլ դոլար - դրամ փոխարժեքի տատանումներով, եւ արդյունքում սակագինը սպառողների համար մնաց անփոփոխ», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ թողնելը, ըստ հանձնաժողովի, հնարավոր է Երեւանի ՋԷԿ-ում համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման հաշվին: Էներգաբլոկում Իրանից ստացվող 1 խորանարդ մետր գազից կստացվի մոտ 5 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որից 3-ը կվերադարձվի գազի դիմաց, իսկ մնացածը էժան գներով կուղղվի համակարգ:

Որ գազի սակագինը պարտադիր չի հանգեցնում էլեկտրաէներգիայի թանկացման` համաձայն է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը: Այդուհանդերձ, նրա խոսքերով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկները հաճախ անհասկանալի են եւ չհիմնավորված:

«Եթե խաղի կանոնները ճիշտ դասավորված լինի` ամբողջ շուկայի մասնակիցների շահերը պաշտպանելով, դա նշանակում է, որ այո, պետք է թանկանա եւ էլեկտրաէներգիան, հատկապես` գազով արտադրողները, որոնցից խոշորագույնը մենք ենք: Բայց քանի որ ինձ համար պարզ չեն խաղի կանոնները, ինչ-որ ավելի շատ քաղաքական որոշումներ են կայացվում, քան թե, ասենք, ինչ-որ հաշվարկներ, մենք որեւէ հայտ չենք ներկայացրել, որպեսզի էլեկտրաէներգիան թանկացնեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալավերդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG