Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը Կոնգրեսում չի ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին


Հիլարի Քլինթոնը մասնակցում է Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումներին, 24-ը փետրվարի, 2010թ.
Հիլարի Քլինթոնը մասնակցում է Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումներին, 24-ը փետրվարի, 2010թ.

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին: Անդրադառնալով ներկայիս թիվ 252 բանաձեւին, որը շուտով քվեարկվելու է Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Քըրքը հայտարարել է. - «Հուսով եմ, մենք դա կանենք, եւ հուսով եմ, Ներկայացուցիչների պալատը կանի դա, եւ դուք թույլ կտաք, որ դա տեղի ունենա»:

Ի պատասխան` պետքարտուղարը նշել է հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը եւ դրանց վավերացմանը նպաստելու` Միացյալ Նահանգների ջանքերը, սակայն չի խոսել բանաձեւի նախագծի մասին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը, իր հերթին, հայտարարել է. - «Ես չեմ կարծում, թե [հայ - թուրքական] հաշտեցման հեռանկարը, որքան էլ որ ես կցանկանայի դրա իրականացումը, օգտագործվի որպես Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը չճանաչելու պատճառ»: Նա վարչակազմին կոչ է արել սատարել օրինագծի ընդունումը եւ չընդդիմանալ դրան:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում նույնպես Հիլարի Քլինթոնը իր աջակցությունն էր հայտնել հայ – թուրքական գործընթացին, սակայն չէր ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:

Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քվեարկության օր է նշանակված մարտի 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG