Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան. «Ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին»


Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան

«Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

«Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ», - ընդգծեց նա:

Արմեն Սարգսյանը ներկայումս բնակվում է Լոնդոնում, բայց վերջերս նրա նախաձեռնած խոշոր ծրագիրը ուղղված է հենց Երեւանին: «Երեւան, իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է:

Որպես առաջին քայլ` մայրաքաղաքի կենտրոնում կվերակառուցվեն պատմական նշանակություն ունեցող չորս շինություններ: Դրանցից երկուսում կբացվի ժողովրդական գործիքների երաժշտական դպրոց` Ջիվան Գասպարյանի գլխավորությամբ, մեկը կգործի որպես միայնակ մայրերի կենտրոն, չորրորդը կծառայի խուլ եւ համր երեխաների կարիքներին:

«Երեւան, իմ սեր»-ը ես հույս ունեմ, որ կդառնա մշակութային շարժման նման, որտեղ, իհարկե, որեւէ քաղաքական կամ կուսակցական ներկայություն չպետք է լինի. դա ուղղակի վերաբերմունք է քաղաքին», - ասաց Արմեն Սարգսյանը:

«Ես Երեւանից չեմ գնացել, երեւանցի եմ: Ժամանակավորապես աշխարհի ուրիշ մայրաքաղաքներում եմ գտնվում, գուցե նաեւ բնակարաններ ունեմ, որտեղ ապրում եմ, բայց իրականում երեւանցի եմ, եւ ինչպես ծնվել եմ Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում, այդպես էլ շարունակում եմ ապրել», - ընդգծեց նա:

«Երեւան, իմ սեր» նախագիծը մեկնարկեց անցած շաբաթ` Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ եւ այլազգի բարերարներ ու գործարարներ:
Ձախից աջ` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Կոռնուելի դքսուհին, Ուելսի արքայազնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վինձորի դղյակում, 10-ը փետրվարի, 2010թ.

«Արքայազն Չարլզի հետ մեր բարեկամությունը, կարող եմ ասել` ընկերությունը, բերեց շատ բնական մի գաղափարի, որ երեկո ունենանք, որը ունենա մի քանի նպատակ. նախ` հայ - բրիտանական բարեկամության, երկրորդը` հավաքենք բարեկամներին աշխարհի տարբեր մասերի, որոնք մեզ հետ կիսում են մեր գաղափարները կամ վերաբերմունքը, եւ մեզ համար նաեւ «Երեւան, իմ սեր»-ը սկսելու ձեւ էր», - նշեց Արմեն Սարգսյանը:

«Հայտնի մեծահարուստների անուններ նշվեցին «Երեւան, իմ սեր»-ի այցելուների եւ հովանավորների շարքում, բայց ցուցակը գլխավորում էին տեր եւ տիկին Սարգսյանները: Կարո՞ղ ենք ասել, որ Դուք մեծահարուստ եք», - այս հարցին Արմեն Սարգսյանը արձագանքեց. - «Տվյալ դեպքում բոլորովին կապ չունի, թե առանձին անհատը կամ զույգը կամ ընտանիքը որքան դրամ ունի. խոսքը վերաբերում է ընդհանրապես տալու ընդունակությանը: Մեր կյանքը նրա մասին չէ, թե ինչ հաջողության կհասնենք, ինչքան կունենանք: Հավանաբար, մեր կյանքը նրա մասին է, թե կկարողանա՞նք արդյոք կիսել մեր հաջողությունը այսօրվա, մեր ունեցածը` լինի նյութական, դրամ կամ որեւէ այլ, քաղաքական հաջողությունները, ուրիշների հետ»:

Սարգսյանը միջազգային ասպարեզում հայտնի է որպես գործարար եւ գիտնական էներգետիկ անվտանգության ոլորտում, էներգետիկ եւ տնտեսական ֆորումների անդամ եւ նախագահ: Նա նաեւ Eurasia House International-ի հիմնադիր նախագահն է:

«Այսօրվա իմ հետաքրքրությունների ոլորտը երկու ուղղություն է, դրանցից առաջինը` էներգետիկ անվտանգության, երկրորդը` միջուկային վառելիքի կառավարման, որովհետեւ դա շատ ցավոտ խնդիր է, եւ երրորդ մասը իմ կյանքի` գործարար կյանքն է, որը, հիմնականում, հետաքրքրությունների ոլորտը ժամանակին հեռահաղորդակցություններն էին, հիմա` ավելի շատ էներգետիկ ռեսուրսները. սա այն տեղն է, որտեղ ես փորձում եմ դրամ վաստակել, որի մի մասը ծախսում եմ նաեւ բարեգործական գործունեության համար», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG