Մատչելիության հղումներ

ԵԿՄ-ի համագումարում հնչեցին հիմնականում միասնության կոչեր


Հայաստան -- «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) 8-րդ համագումարը Երեւանում, 16-ը փետրվարի, 2010թ.
Հայաստան -- «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) 8-րդ համագումարը Երեւանում, 16-ը փետրվարի, 2010թ.

Երեքշաբթի օրը կայացած «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) 8-րդ համագումարի ելույթներում ներքաղաքական խնդիրներին անդրադարձեր գրեթե չեղան. հնչում էին միայն միասնականության եւ համախմբման կոչեր:

ԵԿՄ-ի վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խոսքով՝ «համախմբումը անհրաժեշտ է «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1»-ի կրկնությունը բացառելու համար»: Իսկ ելույթի մնացած մասը Գրիգորյանը նվիրեց արտաքին քաղաքական խնդիրներին:

«Բոլորը պիտի հասկանան, որ մայրաքաղաք Երեւանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից, Արցախ աշխարհից, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից», - ասաց ԵԿՄ-ի նախագահը՝ շարունակելով. - «Եթե վտանգվի Արցախի անկախությունը, ապա Երկրապահը նորից կլինի հայրենիքը պաշտպանողների առաջին շարքերում: Դրանում որեւէ մեկը թող չկասկածի»:

Հարեւանների հետ, ըստ Մանվել Գրիգորյանի, պետք է ունենանք «նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ՝ բայց ոչ զիջումների հաշվին»:

«Թուրքիայի պարագայում մենք սահմանների բացմանը դեմ չենք: Բայց սահմանների բացումը պետք է լինի առանց նախապայմանների», - հայտարարեց նա:


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը՝ կոչ անելով համախմբվել երկրի նախագահը շուրջը:

«Այսօրվա տարածաշրջանային իրավիճակը եւ այն սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր շուրջը, մեզ ստիպում են, որպեսզի մենք մեր ժողովրդի ապագայի համար վերստին լինենք համախմբված, միասնական», - իր ելույթում ասաց Սեյրան Օհանյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հայտարարելով, որ պատերազմի վերսկսման վտանգը չի նվազում, համոզմունք հայտնեց, որ ԵԿՄ-ն «դժվարին պահին իրենց մենակ չի թողնի»:

«Վստահ եմ, որ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում դուք նորից կանգնելու եք մեր կողքին, եւ համոզված եմ, որ հաղթելու ենք միասին», - եզրափակեց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող ուժերից համագումարին ներկա էր միայն «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ԵԿՄ-ի հավերժ նախագահ հռչակված Վազգեն Սարգսյանի եղբայրը: Նա ԵԿՄ-ի իր ընկերներին «սխալներն ուղղելու» կոչ արեց:

«Պարտերազմը հաղթելով՝ եկան ընկանք խաղաղության փորձանքը», - իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը: - «Խաղաղության ժամանակ բարեհաջող սկսեցինք մենք մեզ թշնամի դարձնել ու դառնալ, մենք մեզ խփել, ներսից էլ, դրսից էլ: Բավական է… Ձեր խղճի առաջ, ձեր զավակների աչքերին նայելով ի՞նչ եք ասելու, Ձեր զոհված ընկերների զավակներին ի՞նչ եք ասելու: Այս հարցերի պատասխանները խիզախություն են պահանջում, ավելի շատ խիզախություն, քան լինում է խրամատում ու կռվի ժամանակ»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ «ԵԿՄ-ն պետք է օգտագործեր իր հնարավորությունները հետընտրական իրադարձությունների ժամանակ՝ մարտի 1-ը բացառելու համար»:

«Ու շատ վատ էր, որ այդ ժամանակ Երկրապահը իսկապես իր բուֆերի այդ հնարավորությունը չօգտագործեց կամ չկարողացավ օգտագործել», - ասաց նա:

Մանվել Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե ինչու հետընտրական իրադարձությունների ժամական Երկրապահը չկանգնեց Ազատության հրապարակում հավաքվածների կողքին, ասաց. - «Երեւան քաղաքը ինձ համար Ֆիզուլի չէ: Ես եթե դուրս գայի հրապարակ, ուրեմն շատ վատ բաներ կլիներ այս երկրի համար, բոլորի համար»:

Համագումարն ավարտվեց վարչության նոր կազմի ընտրություններով: Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվեց վարչության նախագահի պաշտոնում: Փոխնախագահներ ընտրվեցին Արա Կետիկյանը, Խաչիկ Մկրտչյանը եւ Մուշեղ Բաբայանը:

ԵԿՄ-ի նախկին փոխնախագահ, հետընտրական իրադարձություններից հետո քրեական հետապնդման ենթարկված Մյասնիկ Մալխասյանի անունը որեւէ կերպ չշոշափվեց: Նա համագումարին չէր մասնակցում, հեռախոսոով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հրավիրված չի եղել:

Ընդդիմությանը միացած երկրապահների մեծ մասը դուրս մնաց նորընտիր վարչության կազմից՝ բացառությամբ վերջերս կալանավայրից դուրս եկած Մկրտիչ Սափեյանի եւ «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG