Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահն արձագանքել է Սերժ Սարգսյանի ուղերձին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն արագացնելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, շեշտելով, որ «այդ պատմական գործընթացն ավարտին հասցնելը պահանջում է մեր պարտավորությունների կատարումը դրանց ամբողջության մեջ»։

«Մեր երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի նախաձեռնությանը աջակցելիս մեր հիմնական խնդիրները երկու հարեւան ժողովուրդների միջեւ արմատացած անվստահությունը հաղթահարելն ու փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման քաջալերումն էին», - ասված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում. - «Մի կասկածեք, որ այս խնդիրներն առաջ տանելու մեր վճռականությունն անսասան է մնում՝ պայմանով, որ այդ վճռականությունը եւ նվիրումը փոխադարձ են»։

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել իր թուրք գործընկերոջը, որով կոչ էր արել «վճռականություն եւ սկզբունքայնություն» դրսեւորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու գործում։ Հայաստանի նախագահը նաեւ ասել էր, որ «երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն»:

Իր պատասխանում Աբդուլա Գյուլը, մասնավորապես, ասել է. - «Ես նաեւ համաձայն եմ ձեզ հետ, որ պատասխանատու կառավարումը պարտավորեցնում է տեր կանգնել խոսքերին եւ գործով ամրապնդել դրանք։ Ուստի մենք շարունակելու ենք աշխատել նորմալացման գործընթացը առաջ տանելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով մեր երկու երկրների միջեւ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունը»։

Թուրքիայի նախագահը նաեւ շեշտել է. - «Մենք պետք է գիտակցենք, որ այս պատմական գործընթացն ավարտին հասցնելու համար պահանջվելու է հարգել մեր ստանձնած պարտավորությունները դրանց ամբողջության մեջ, ինչպես նաեւ դրսեւորել անհրաժեշտ քաղաքական համարձակություն եւ տեսլական»։

Թուրքիայի նախագահը եզրափակել է, ասելով, որ շարունակելու է անձամբ ներգրավված մնալ նորմալացման գործընթացում, եւ հույս է հայտնել, որ ի վերջո «գործընթացը երկու երկրներին բավարարող ավարտ կունենա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG