Մատչելիության հղումներ

Փետրվարի 12-ի մամուլ


«Մթնոլորտը իշխանական ճամբարում վերջին օրերին էլ ավելի է լարվել»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ - «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված Սերժ Սարգսյանի օդային ուղերձից, լոնդոնյան այցից եւ «Չեթմ Հաուզի» ելույթից հետո, իհարկե, ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը տարբեր լրատվամիջոցներով հայտարարում է, թե այս ամենը ուժեղ նախագահի քայլեր են, բայց իրականում իշխանական ճամբարի ներկայացուցիչների մոտ այլեւս չկա այն նախկին վստահությունը»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Գուցե նուրբ վերլուծաբանները Սերժ Սարգսյանի՝ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում արտասանած ճառում ինչ-որ թաքնված ենթատեքստեր տեսնեն, բայց ես այդ ելույթի մեջ չգտա որեւէ ակնարկ այն մասին, թե Հայաստանը պատրաստվում է Ղարաբաղի հարցում ինչ-որ միակողմանի զիջումների գնալ: Եվ քանի որ Ադրբեջանն էլ չի պատրաստվում հրաժարվել «տարածքային ամբողջականության» իր ծրագրերից, որոնք, անկասկած, նպատակ ունեն Ղարաբաղը հայաթափելու, կարելի է կանխատեսել, որ այստեղ մոտ ժամանակներս բեկումնային զարգացումներ տեղի չեն ունենա: Հասկանալի է, որ տապալվելու նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Բայց, այդքանով հանդերձ, ինձ թվում է, ճիշտ կլինի, որ մեր խորհրդարանը վավերացնի արձանագրությունները: Ընդ որում՝ դա անի առանց որեւէ բովանդակային վերապահումների»:

«Հայք»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ինչ տվեց Հայաստանի Սերժ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա: Եթե հավատանք պետական քարոզչությանը, ապա Հայաստանի դիրքերն ամրապնդվեցին, Հայաստանը Անգլիայի հետ ջերմացրեց փոխհարաբերությունները եւ կարեւոր գործընկեր ձեռք բերեց: Իսկ եթե հանենք հայլուրական ակնոցն ու իրերն իրենց անունով կոչենք, ապա կնկատենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիա էր ժամանել մասնավոր այցով: Նրան չդիմավորեց նույնիսկ Միացյալ Թագավորության արտգործնախարարության Հարավային Կովկասի ենթաբաժնի ղեկավարի խորհրդականի օգնականը: Օդանավակայան էին ժամանել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները եւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները: Ընդ որում, նրանք էլ օդանավակայում էին, քանի որ Սերժ Սարգսյանի հետ նույն օդանավով Լոնդոն էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ չհանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակարդակի այց էր, որ բրիտանական կառավարության ղեկավարը, պետության փաստացի ղեկավարը հարկ չհամարեց հանդիպել իր երկիր ժամանած օտարերկրյա պետության նախագահի հետ: Հայաստանի պետականաշեն լրատվամիջոցները այս փաստը չեն նկատել: Փոխարենը երջանկացած տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանին ընդունել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Իհարկե, շատ լավ է, որ թագուհին նման քայլի է դիմել, բայց միջպետական հարաբերությունների զարգացման համար այդ հանդիպումը որեւէ նշանակություն չունի»:

lragir.am-ը գրում է. - «Կարելի է իհարկե տարբեր կերպ բնորոշել Հայաստանի երեք նախագահների քաղաքականությունը Ղարաբաղի հարցում, կարելի է դա համարել մեծ հաշվով շարունակական, կամ համարել իրար հակասող, կարելի է հերոսացնել կամ դավաճան որակել նախագահներին: Բայց դրանք թերեւս խնդիրը շեղում են բուն առանցքից: Իսկ առանցքը թերեւս հետեւյալն է. ինչ ռեսուրսով է Հայաստանը մտել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, ինչ ռեսուրսով է այդ գործընթացի մեջ եւ ինչ ռեսուրսով է մնալու այդ գործընթացի մասնակից: Օրինակ, Ադրբեջանը գործընթացին մասնակցում է իր նավթով, գազով, Կասպիցի ավազանի եւ Միջին Ասիայի դարպասի իր աշխարհագրական դիրքով: Իսկ ինչով է բանակցային գործընթացին մասնակցում Հայաստանը: Ցավով տեսնում ենք, որ Հայաստանը բանակցային գործընթացին մասնակցում է միայն իր ունեցած տարածքային ռեսուրսով: Այսինքն, մենք միայն տարածք ունենք տալու, ուրիշ ոչ մի բան: Բայց արդյոք դա էր այն միակ ռեսուրսը, որը կարող էր ունենալ Հայաստանը: Թերեւս ոչ: Հայաստանի ռեսուրսը երեւի թե պետք է լիներ բոլորովին այլ: Հայաստանը պետք է ապավիներ քաղաքակրթական ռեսուրսին, պետք է տարիների ընթացքում առավել խորացներ իր եւ Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական, արժեհամակարգային տարբերությունը, Հայաստանը պետք է բանակցային գործընթացին մասնակցեր իր տեխնոլոգիական ռեսուրսով, ժողովրդավարական, ժամանակակից մրցունակ պետության արժեհամակարգով»:

«Իրավուքն»-ի հարցին՝ կուզենայի՞ք, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար, Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) պատասխանել է. - «Գիտեք, ինձ համար մեկ է, թե Հայաստանի նախագահը ով պիտի լինի: Կարեւորն այն է, որ այն քաղաքական գիծը, որ մենք համարում ենք ազգային պետական շահերից բխող գիծ, պահպանվի եւ իրականացվի: Մեզ համար կարեւորը անձերի հարցը չէ, երբեք ՀՅԴ-ն խնդրին այդպես չի մոտեցել: Այս անունը լավը չէ, մյուսը պիտի լինի: Քոչարյանի գալ-չգալը ոչ թե մեզնով, այլ իրենով է պայմանավորված, բայց ես մինչեւ օրս այդպիսի ցանկություն առնվազն մամուլում չեմ տեսել: Բայց մի բան իմացեք, որ Քոչարյանը դաշնակցական չէ, որ մենք ուզենանք կամ չուզենանք նրա վերադարձը»:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «ՀԱԿ-ի ձեռնարկած քայլերը ավելի շատ վնասում են Հայաստանին ու հայ ժողովրդին, քան հարց են լուծում։ Երբ ամեն առիթով միջազգային ատյաններում կոնգրեսականները կամ նրանց կամակատարները վարկաբեկում են մեր պետությունը, ամեն ինչ սեւ գույնով են ներկայացնում, դա չի կարող պատիվ բերել։ Ժամանակն է հասկանալ, որ Հայաստանում հեղաշրջումների, հեղափոխությունների ու իշխանափոխությունների ժամանակն անցել է։ Հիմա պետք է աշխատել, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով, իրավական ճանապարհով իշխանությունը տա իր խնդիրները լուծողին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG