Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի վերլուծաբանները ղարաբաղյան նոր պատերազմի հավանականությունը մեծ չեն համարում


«Չնայած Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի հայտարարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանցի վերլուծաբան, Eurasianet էլեկտրոնային պարբերականի քաղաքական մեկնաբան Շահին Աբասովը։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդես գալով Սենատի Հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել էր, թե մեծացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։

Մեկնաբանելով Դենիս Բլերի ներկայացրած զեկույցի հիշյալ հատվածը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշել էր, թե այդպիսով Վաշինգթոնը որոշակի զգուշացում է հղում Բաքվին, քանի որ հատկապես ադրբեջանցիներն են պարբերաբար հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով։ Մինչդեռ, ըստ ադրբեջանցի մեկնաբան Շահին Աբասովի, Բլերն ընդամենն ուրվագծել էր ընդհանուր մի պատկեր` մատնանշելով կոնֆլիկտային մի շարք տարածաշրջաններ, եւ ամենայն հավանականությամբ, նկատի չէր ունեցել հայ-ադրբեջանական զիված բախման վերսկսման կոնկրետ ու վերահաս հնարավորությունը։

Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում նկատվող բանակցային ակտիվությանը, ադրբեջանցի վերլուծաբանի խոսքերով, երկակի բնույթ ունի. - «Չնայած գործընթացն ակտիվացել է, ինչն, ըստ էության, դրական է, այն կարող է հանգեցնել երկու արդյունքի` կամ կարգավորմանը միտված դրական բեկման, կամ առավել ետընթացի։ Իսկ ետընթացը միշտ էլ հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով»։

Հայ-ադրբեջանական զինված հակամարտություն վերսկսումը քիչ հավանական է համարում նաեւ ադրբեջանական «Երրորդ հայացք» անվանումը կրող տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Ռաջաբովը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռաջաբովն այդ գնահատականը հիմնավորեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, իր խոսքերով` «խոհեմ» կեցվածքով։

«Ադրբեջանը ղեկավարում է բավական իրատես եւ իմաստուն նախագահ։ Հայաստանի նախագահը, իր հերթին, լավ գիտի պատերազմի գինը, ուստի ես ավելի հակված եմ ենթադրել, որ կողմերը շահագրգիռ են հարցի քաղաքական կարգավորմամբ», - ասաց Ռաջաբովը։

Ադրբեջանցի վերլուծաբանն այս փուլում ոչ տեղին եւ վնասակար է համարում Միսնկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունները, քանի որ դրանք չափազանց զգայուն են ընկալվում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Մինչդեռ, ինչպես ասում են` վատ-լավ, բայց բանակցություններն ընթանում են, եւ հարկ է նպաստել այդ ընթացքին», - ասում է Ռաջաբովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG