Մատչելիության հղումներ

Փետրվարի 3-ի մամուլ


«Հայք» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ավանդույթի համաձայն, երեկ՝ փետրվարի 2-ին, Ֆիլ անունով արջամուկը դուրս է եկել իր որջից եւ գուշակել, որ Ամերիկայում ձմեռը դեռ վեց շաբաթ էլ կշարունակվի։ Փենսիլվանիայի Պանկուստոնի քաղաքի արջամուկը տեսել է իր ստվերը։ Իսկ եթե արջամուկը տեսնում է իր ստվերը, ապա գարնանը պետք է սպասել եւս վեց շաբաթ, իսկ եթե ստվերը չի տեսնում, ապա գարունն ավելի շուտ կգա։ Այս տարի Հայաստանում ձմռանն էլ գարնան եղանակ է անում, եւ ֆիլի կանխատեսումը մեզ այնքան էլ չի հետաքրքրում։ Պարզապես, շատ լավ կլիներ, եթե մեր արջամուկն էլ դուրս գար իր որջից եւ գուշակեր, թե Հայաստանում որքան է շարունակվելու քաղաքական ձմեռը, այլ կերպ ասած, դեռ որքան ոչ լեգիտիմ իշխանությունները կշարունակեն թուլացնել Հայաստանը, կեղեքել հայ ժողովրդին, ստորացնել ու ոտնահարել մարդու ամենատարրական իրավունքները։ Պատկերացնում եք, արջամուկը դուրս կգար իր բնից եւ կգուշակեր, թե որքան կշարունակվեն հայ ժողովրդի տառապանքները, բայց մյուս կողմից մեզ մտահոգում է այն արջամկան ճակատագիրը, որը կհամարձակվեր չտեսնել իր ստվերը»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իդեալիստ հեղափոխականների եւ պրագմատիկ «լափողների» փոխհարաբերությունը այս կամ այն չափով պահպանվել է մարդկության ողջ պատմության ընթացքում: Այդ օրինաչափությունը դրսեւորվել է նաեւ Հայաստանի նորագույն պատմության մեջ: Եվ հիմա, երբ մոտենում ենք այս պատմության գրեթե 20 տարվա եզրագծին, արժե, թերեւս, մի փոքր մտածել, թե որ ճանապարհով պետք է շարժվել առաջ: Բայց ո՞վ է մտածելու: Քաղաքական գործիչներից առանձնապես հույս չկա. նրանց երկխոսության իմաստը, եթե մի կողմ թողնենք պճնված բառակապակցությունները, հետեւյալն է. «Ինչքան կերել եք հերիք է, թողեք՝ մենք էլ ուտենք»: «Չէ, չենք թողնի, ինչո՞վ եք դուք մեզնից լավը»: Երբ նրանց փորձում ես ինչ-որ հարց տալ մեր երկրի ապագայի մասին, նրանք նույնիսկ մի փոքր նեղանում են՝ իբր ինչ երկրորդական հարցեր եք տալիս, երբ մենք այստեղ կենսական խնդիր ենք լուծում, թե ով է ասելու՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Ստացվում է, որ «մտածելու» հետ կապված հույսերը կարելի է կապել միայն ոչ քաղաքական շրջանակների հետ»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Երբեմն անկեղծորեն տարակուսում եմ, թե մեր իշխանությունների ինչի՞ն են պետք այսքան պրոբլեմները, որոնք նրանք ստեղծում են կամ արհեստականորեն, կամ՝ եթե անգամ դրանք արդեն ծագել են, արհեստականորեն ձգձգում են դրանց հանգուցալուծումը: Ասենք, ինչո՞վ է շահեկան այդ ծույլ աշակերտի դերը, որը ստանձնել են մերոնք... Ասենք, Սերժ Սարգսյանի ինչի՞ էր պետք Կենտրոն համայնքում մի գեղամյանականի պատգամավոր ընտրվելը, կարո՞ղ եք ինձ բացատրել: Կամ՝ ինչո՞վ էր արդարացված Զարուհի Փոստանջյանի անվան ծուրջ ծագած աղմուկը: Կամ՝ ի՞նչ իմաստ ուներ Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելը: Ընտրությունները դիտարկող, Զարուհի Փոստանջյանի հետ կապված դեպքերին ու Նիկոլ Փաշինյանի դատավարությանը հետեւող միջազգային կառույցները, ի վերջո, կույր չեն, ամեն ինչ տեսնում են եւ արձանագրում: ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն օրերս նամակով դիմել են Ազգային ժողովի նախագահին ու իրենց մտահոգությունները հայտնել մեր «չարությունների» կապակցությամբ: Նորից հիշատակել են մարտի 1-ի չբացահայտված լինելը, պահանջել են բարեփոխել ոստիկանությունը, հեռուստատեսությունը, ընտրական օրենսգիրքը, հիշատակել են Նիկոլ Փաշինյանի դատավարության մասին եւ զգուշացրել, որ իրենք հարցեր ունեն պարզելու»:

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սթիվեն Սեստանովիչը, ով այժմ դասավանդում է Կոլումբիայի համալսարանում: Լրագրողը հարցնում է. - «Որքանո՞վ եք անկեղծ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող Ռուսաստանի նկրտումները»: Սեստանովիչը պատասխանում է. - «Ես անձնապես կարող եմ դատել Ռուսաստանի ներդրումների մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներում: Բայց տեղյակ դիվանագետները ասում են, որ կասկած չկա կամ հիմքեր չկան կարծելու, թե Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ: Եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել իր հեղինակությունը Վրաստանի դեմ սարձազերծած պատերազմից հետո, սա ամենալավ առիթն է»: Լրագրողի հարցնում է. - «Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանում»: «Ես կասկածում եմ, որ Իրանը կարող է դրական դեր կատարել, բայց լավ կլիներ նրան չվերապահել խանգարիչի դեր: Այդ պատճառով ոչ ոք երբեք մեծ ցանկությամբ տոգորված չի եղել տարածաշրջանային դիվանագիտության մեջ Իրանի ներգրավմամբ: Բայց ոչ ոք չի ուզում նաեւ թշնամություն առաջացնել», - պատասխանել է Սեստանովիչը:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ասում է. - «Իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ մեր արտաքին քաղաքականությունը իրականացնող պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, շատ անկեղծ են եղել մեր հասարակության հետ։ Տեսեք, արդեն Թուրքիայի վարչապետն է ասում, որ «գործընթացն ի սկզբանե սխալ հունով է գնացել», այսինքն՝ ի վնաս Թուրքիայի։ Մարդը ուղղակի խոստովանում է, որ արձանագրությունների վավերացումը Ղարաբաղի հարցի հետ կապելու, Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու ջանքերը արդյունք չեն տվել։ Այս ամենը հենց այնպես չի լինում։ Սա մեր ճկուն արտաքին քաղաքականության, արտաքին գերատեսչության պատասխանատուների հստակ, դինամիկ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքն է»։

«Ազգ»-ը գրում է. - «Ադրբեջանցիք վարժեցրել են մեզ եւ օտարիներին ամեն առիթով «20 տարվա գրավյալ տարածքների» եւ «մեկ միլիոն փախստականների» մասին իրենց հեքիաթները լսելու: Մի նոր հեքիաթասաց էլ հայտնվել է վերջերսՙ մեր մյուս հարեւան երկրի վարչապետը: Սա էլ քանիերորդ անգամ իր երկրում ապօրինի բնակվող հայաստանցիների թիվը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացնում է մեկ՝ 100, մեկ՝ 70 եւ մեկ՝ 120 հազար: Անշուշտ, ամեն անգամ ավելացնելով, որ տեսեք, տեսեք, «մենք չենք ուզում լարվածություն ստեղծել եւ աչք ենք փակում այս փաստի վրա»: Մինչդեռ ապօրինի կերպով Թուրքիայում բնակվող հայաստանցիների իսկական թիվը 12-13 հազար է ընդամենը: Եվ այդ թիվը ոչ մենք ու ոչ էլ հայկական իշխանությունները չեն հորինել: Այդ ուղղությամբ կատարված մասնագիտական ուսումնասիրությունն անցկացվել է 2009 թվականին «Եվրասիա» ամերիկյան կազմակերպության ծրագրով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG