Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային վավերացնել արձանագրությունները


Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոն
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոն
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է», - երկուշաբթի օրը Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ - «Նախկինում ասել ենք եւ այժմ էլ վերահաստատում ենք, որ կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղով։ Մենք հավատացած ենք, որ սա հնարավորություն կտա երկու պետությունների միջեւ իրապես պատմական տարբերություններն այնպես հաղթահարել, որպեսզի երկու կողմն էլ կարողանան օգուտներ քաղել»։

«Երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ մենք կարծում ենք, որ այս գործընթացը պետք է առաջ շարժվի անկախ այլ հարցերից, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից», - հավելել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը։

«Ալ Արաբիա» հեռուստաընկերության լրագրողին, ով Գորդոնին հարց էր ուղղել հայ-թուրքական հարաբերությունների մասին, հետաքրքրում էր նաեւ Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձեւի ճակատագիրը։ «Թուրքիայում մտահոգություններ են հնչում, որ հայ-թուրքական համաձայնագրի վավերացման տապալումը կարող է նոր շունչ հաղորդել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման ջանքերին», - արձանագրել է լրագրողը։

Ի պատասխան Ֆիլիպ Գորդոնն ասել է. - «Կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորումը այլ խնդիրներին հետ շաղկապված չէ, այդ գործընթացը պետք է ընթանա այլ խնդիրներից անջատ, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից։ Մենք երկու երկրների կառավարությունների հետ մշտական կապի մեջ ենք` քաջալերելով նրանց առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է ձեր հիշատակած օրինագծին, ապա այդ խնդրի վերաբերյալ նախագահ Օբաման արդեն իսկ հայտնել է իր տեսակետը։ Մեր մոտեցումը նույնն է` հայ- թուրքական հարաբերությունների բարելավումը ինքնին դրական գործընթաց է, եւ այն պետք է շարունակվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG