Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա


Երեկ կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարարներն ընդգծել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը ուղղված Հայաստանի ջանքերը, եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Շտյորեն ստորագրել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հայտարարություն:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել է ներկաների, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:

Օսլոյում Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի տանը տեղակայված Նանսենի ինստիտուտ, ուր ծանոթացել է նրա աշխատանքներին, հանդիպում ունեցել ինստիտուտի ղեկավարության հետ:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նորվեգացի գործարարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում նոր տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ ծավալուն հարցազրույցներ է տվել Նորվեգիայի պետական NRK հեռուստաընկերությանը եւ առաջատար Aftenposten թերթին:

Այսօր վաղ առավոտյան Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG