Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում սկսվեց Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում սկսել է Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), հարցի քննարկումն ընդհատվել է եւ շարունակվելու է հաջորդ օրը:

Հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն պիտի ներկայացնեին իրենց պատրաստած փաստաթուղթը Հայաստանի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի՝ անցած տարի հրապարակած զեկույցի վերաբերյալ:

Փոստանջյանը պատմեց, որ թեեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) հաստատված չէին որպես Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ եւ իր հետ միասին սպասում էին միջանցքում, նրանք, սակայն, հրավիրվել են մասնակցելու նիստին:

Փոստանջյանը, այդուհանդերձ, մտել է ներս եւ ներկայացրել է իր առարկությունները՝ ասելով. - «Դուք իրավունք չունեք չհրավիրել ինձ եւ չլսել ընդդիմության կարծիքը»: Նա Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ Դաշնակցությունը, որի ներկայացուցիչն է Արմեն Ռուստամյանը, մարտի 1-ի դեպքերից առաջ եւ հետո՝ մինչեւ 2009 թվականի ապրիլը, իշխանական կոալիցիայի անդամ է եղել, ուստի Ռուստամյանը չի կարող անաչառ, օբյեկտիվ տեսակետ հայտնել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Դրանից հետո որոշում է կայացվել, որ վաղը առավոտյան պիտի շարունակեն հարցի քննարկումը: Ինձ առավոտյան պետք է հրավիրեն եւ լսեն իմ կարծիքը», - հավելեց Զարուհի Փոստանջյանը՝ փոխանցելով նաեւ, որ բազմաթիվ փաստաթղթեր ու նամակներ է բաժանել Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, այդ թվում՝ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների նամակը, նյութեր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավարության եւ կայացված դատավճռի վերաբերյալ, տեղեկանք «Հայաստանում այս պահի դրությամբ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին որոշ տեղեկություններ հաղորդեց նիստի մասին. - «Պարոն Կոլոմբիեն ստիպված էր մեկնել, ներկա էր միայն պարոն Պրեսկոտը: Նա ներկայացրեց իր գնահատականը «Մարտի 1»-ի զեկույցի հետ կապված, որոշակի մտահոգությունները, որոնք կան այդ զեկույցի հետ կապված: Սակայն, ընդհանուր առմամբ, այն եզրակացությունները, որ արված են զեկույցում, համարեց շատ կարեւոր: Նշեց, որ պատրաստ է շարունակելու իր ուսումնասիրությունները: Որպեսզի ավելի խորը ծանոթանա հարցերին` պարոն Պրեսկոտը խնդրեց հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովը նրան իրավունք տա այցելելու տարածաշրջան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG