Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները հաստատվեցին


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ընթացակարգերի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը երեքշաբթի առավոտյան քննարկել է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության մանդատների հաստատման հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով փոխանցեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ներկայացված առարկությունները ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը միաձայն հանգել է այն եզրակացության, որ «հայաստանյան պատվիրակության կազմը նշանակվել է Եվրախորհրդի կանոնադրության 25 հոդվածին եւ Վեհաժողովի կանոնակարգի 6-րդ հոդվածին համապատասխան»:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարությունյանը ասել էր, որ եթե հանձնաժողովը եզրակացնի, որ կանոնակարգը պահպանված է, ապա պատվիրակության մանդատները «ինքնաբերաբար հաստատվում են», ինչն այսօրվա զրույցում հաստատեց:

Հանձնաժողովի նիստին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել , քանի որ չի հրավիրվել: Հանձնաժողովին, սակայն, ներկայացվել է պատգամավորի գրավոր առարկությունը, եւ Հայաստանի Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «հանձնաժողովը... զեկույցի բացատրական մասում արձանագրել է, որ տիկին Փոստանջյանը չի վկայակոչում օրենքի վրա հիմնված որեւէ հստակ հիմնավորում կամ փաստ, որը կհաստատեր իր այն պնդումը, որ պատվիրակությունը ձեւավորվել է օրենքի խախտումներով»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պնդեց, որ Փոստանջյանի գրավոր առարկություններում «հիշատակված են թե' ներքին օրենսդրության խախտումները, թե' այն մանիպուլյացիները, որոնցով հրավիրվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդակցությունը»:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ, հիշեցնենք, «Ժառանգության» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ զրկվել էր հայաստանյան պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից:

Թե' Փոստանջյանը եւ թե' Սաֆարյանը պնդեցին, որ շարունակելու են պայքարը «հակաօրինական եւ հակաժողովրդավարական քայլերի դեմ»:

«Այս որոշումների եւ այս քայլերի դեմ պայքարի ճակատը մեզ համար ոչ թե Ստրասբուրգն է, այլ Հայաստանը, եւ մենք իսկապես չենք դադարելու պայքարել այս ապրօրինի որոշումների դեմ», - ասաց Սաֆարյանը: - «Ազգային ժողովի նախագահի կայացրած որոշումները վիճարկելու ենք ներքին ատյաններում: Դա, իհարկե, կարող է ենթադրել նաեւ դատական վիճարկման պրոցես»:

Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը այսօր չի քննարկել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւով նախատեսված պարտավորությունների կատարման հարցը: Հարությունյանի խոսքով, հարցը չի քննարկվել, քանի որ «մեկ այլ հանձնաժողովում քննարկվում էր հայաստանյան պատվիրակության հարցը», եւ պատգամավորները չէին կարող ներկայանալ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին:

Դավիթ Հարությունյանը ասաց նաեւ, որ նախատեսված քննարկումը Մոնիտորինգի հանձաժողովում այս նստաշրջանի ընթացքում «անպայման լինելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG