Մատչելիության հղումներ

Կարեն Շահնազարովի ֆիլմը դուրս մնաց «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի ցանկից


Հայազգի կինոռեժիսոր եւ սցենարիստ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը դուրս է մնացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի ցուցակից: Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի հանձնաժողովը այս անվանակարգում ներկայացված 65 ժապավեններից ընտրել է 9 ֆիլմ, որոնցից միայն 5-ը կհայտնվեն հավակնորդների՝ փետրվարի 2-ին հայտարարվելիք վերջնական ցուցակում:

Այս անվանակարգում ֆավորիտ է համարվում ավստրիացի ռեժիսոր Մայքլ Հանեկեի «Սպիտակ ժապավեն» ֆիլմը, որը 2009 թվականին Կաննի միջազգային փառատոնում ստացավ գլխավոր մրցանակ:

«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը նկարահանվել է Չեխովի համանուն հայտնի պատմածքի հիման վրա: Պատմվածքի էկրանավորումը համընկնում է Անտոն Չեխովի 150-ամյա հոբելյանին, որը մեծ շուքով նշվելու այս ամսվա վերջին:

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է իրական դեպքերի վրա հիմնված պատմություն հոգեբուժարանի գլխավոր բժշկի մասին: Սցենարը գրվել է պատմվածքի մոտիվներով, պատմվածքի հիմքը պահպանելով հանդերձ՝ սցենարի հեղինակները այն «բերել են» մեր օրեր: Ֆիլմը ամբողջությամբ նկարահանված է իրական հոգեբուժարանում՝ նորարար, կիսափաստագրական ձեռագրով, ռեկորդային ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում:

«Այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին Չեխովի «Հիվանդասենյակ համար 6»-ն է, ասես նախազգուշացում, հիշեցում լինեն մեզ կյանքի իրական էության մասին, ինչից մենք անընդհատ փորձում ենք ազատվել», - ասում է ֆիլմի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:

Վերջին անգամ Ռուսաստանին «Օսկար» է բերել Նիկիտա Միխալկովի «Արեւից նվաղածները» ֆիլմը 1995 թվականին, այդ տարվանից ի վեր ռուսական ֆիլմերը եզրափակիչ են դուրս եկել ընդամենը երեք անգամ, վերջինը՝ 2007 թվականին, դարձյալ Նիկիտա Միխալկովի ժապավենն էր` «12»-ը:

Ամերիկյան կինոակադեմիայի 82-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG