Փակ դռների հետեւում անցկացվող հանդիպումը սկսվեց Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին` Ռուսաստանի նախագահի «Կրասնայա Պոլյանա» նստավայրում, եւ տեւեց մոտ 2 ժամ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումը օգտակար գնահատեց եւ հայտնեց, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացրած փաստաթուղթը:
«Հանդիպման ժամանակ շարունակվեց դեռ անցած տարի սկսված նման ձեւաչափով խոսակցությունը` խոսակցություն, որը ամրապնդում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորման որոնմանը, որը ընդունելի լիներ բոլոր շահագրգիռ կողմերի համար», - ասաց Լավրովը: - «Խոսակցությունը օգտակար էր, քննարկվում էին այն կոնկրետ առաջարկները, որոնք ներկայացրել են համանախագահները: Կա ընդհանուր ըմբռնում, եւ բոլորը դա հաստատեցին, այդ փաստաթղթի նախաբանի առնչությամբ: Եվ բոլորի կողմից օգտակար համարվեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս խոսակցություն վարել ոչ թե վերացական, այլ կոնկրետ ձեւակերպումների հետ կապակցված»:
Հանդիպման գլխավոր արդյունքը, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «դարձավ պայմանավորվածությունը այն մասին, որ թեեւ կան փաստաթղթի ինչ-որ մասեր, որոնք դեռեւս կողմերի համաձայնության առարկա չեն, այդ մասերի վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, իրենց կոնկրետ ձեւակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում: «Մենք վստահ ենք, որ դա կօգնի համանախագահներին իրենց հետագա աշխատանքում», - ընդգծեց Լավրովը` ամփոփելով. - «Այնպես որ, խոսակցությունը բաց էր, անկասկած` օգտակար, եւ նախագահները պայմանավորվեցին այն շարունակել»:
Ռուսաստանի արտգործնախարարը չմանրամասնեց, թե նախաբանում ինչ է գրված, նշելով, որ «փաստաթուղթը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում էին առանց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցության: Միջնորդների հետ հանդիպումը կկայանա առանձին, եռակողմ հանդիպումից մի քանի ժամ հետո, Սոչիի օդանավակայանում:
Սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով արդեն երրորդ հանդիպումն էր: 2008 թվականի նոյեմբերին կայացած առաջին հանդիպման արդյունքում, 16 տարի շարունակվող բանակցություններում առաջին անգամ` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին եւ իրենց հավատարմությունը հայտնեցին Ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ դիվանագիտական կարգավորմանը: Երկրորդ եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ անցած տարի Քիշնեւում` ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ազա Բաբայան, Սոչիից