Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի ՍԴ-ի վճռի կապակցությամբ Թուրքիայի մտահոգություններն է փոխանցել Հիլարի Քլինթոնին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում Անկարայի մտահոգություններն է փոխանցել ՝ հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի կայացրած որոշման առնչությամբ։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն նշել է, թե դատարանի որոշումը հակասում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապես համաձայնեցված արձանագրությունների «տառին եւ ոգուն», եւ հավելել՝ «չպետք է թույլ տալ, որ այդ որոշումը վնասի հարաբերությունների կարգավորմանը»։

Հաղորդագրության համաձայն, կողմերը համաձայնել են առաջիկայում շփումներ ունենալ նաեւ Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ եւ քննարկել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է ձախողվել՝ դրանում մեղադրելով Թուրքիային, եւ հույս էր հայտնել, որ թուրքական կողմը չի փորձի՝ «արհեստական, հորինված պատրվակներ բերել որպես պատճառ այս արձանագրությունները չվավերացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG