Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների ամբողջական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ


Երեւանի փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:
Երեւանի փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչները ամբողջական զեկույցով հանդես կգան մինչեւ գալիք մարտի 1-ը, թեեւ նախատեսված էր զեկույցը հրապարակել այս ամիս:

Խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դա բացատրեց նրանով, որ «հանդես են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»: Դրանցից մեկը, նրա խոսքով, վերաբերում է մարտիմեկյան իրադարձություններում բանակի ներգրավվածությանը:

Վերջերս մամուլում հրապարակվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանը, որով Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց էր ստեղծվել, որը նշված ժամանակաշրջանում գործնականում փոխարինել է Զինված ուժերի գլխավոր շտաբին: Հրապարակումներում կան պնդումներ, որ այդ շտաբը ապահովել է [2008 թվականի] մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները:

Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հրամանը եւ հաջորդող գործընթացները «լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն». - «Այդ հրամանի հետ կապված մենք լրացուցիչ ուսումնասիրություններ ենք անցկացնում, որոնք պետք է ներառենք զեկույցի մեջ: Առավել եւս՝ որ այդ հրամանը ծնվել է Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացված ուժային համակարգի ղեկավար անձնակազմի հետ հայտնի խորհրդակցությունից հետո, եւ հրամանի կառուցվածքը մեզ հուշում է, որ այդ հրամանը պատահական չի ծնվել: Ամենայն հավանականությամբ, այն ծնվել է այդ խորհրդակցությունից հետո եւ Քոչարյանի անմիջական կարգադրությամ պայմաններում, եւ իր մեջ պարունակում է լրջագույն հարցեր: Խախտված են Զինված ուժերի մասին օրենքի որոշակի դրույթներ»:

Պաշտպանության նախարարության որոշ նախկին պաշտոնյաների դեմ կան հարուցված քրեական գործեր, կան նաեւ կալանավորված անձինք: Անդրանիկ Քոչարյանը հնարավոր համարեց, որ դա կարող է կապված լինի «այդ հրամանագրի հրապարակման եւ տեղեկատվության արտահոսքի հետ»:

Անդրանիկ Քոչարյանին, սակայն, առավելապես այլ բան է հետաքրքրում. - «Շատ ավելի կարեւոր է, թե այդ ինչ հրաման է ծնվել, եւ իր մեջ այդ ինչ պետական գաղտնիք է պարունակում... Այնտեղ ես որեւէ պետական գաղտնիք չեմ տեսնում: Այնտեղ տեսնում եմ գուցե անձնական գաղտնիք, գուցե Միքայել Հարությունյանի գաղտնիքներն են պահվում: Բայց ես տեսնում եմ այդ հրամանի հետ կապված բանակի կառուցվածքի փոփոխություն, որը անթույլատրելի է: Եվ այդ կառուցվածքը հարմարեցված է, իմ պատկերացմամբ, այդ ժամանակաշրջանում Երեւանում տեղի ունեցող գործընթացների հետ: Միքայել Հարությունյանը որեւէ իրավունք չուներ առանց Գերագույն գլխավոր հրամանատարի [նախագահ Ռոբերտ Քոչարյանի] կարգադրության փոխել բանակի կառուցվածքը: Առավել եւս՝ նույն Գերագույն գլխավոր հրամանատարը իրավունք չուներ այդպիսի կարգադրություն [անելու]... Շատ հետաքրքիր է՝ կա՞ այդպիսի գրավոր կարգադրություն: Այսինքն՝ այստեղ լուրջ ուսումնասիրության դաշտ կա»:

Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ նշված փաստերի ուսումնասիրությունը ոչ միայն իրենց, այլեւ Ազգային ժողովի պետաիրավական եւ պաշտպանության մշտական հանձնաժողովների խնդիրն է:

«Եվ այդ հրամանը տվողը՝ նախկին պաշտպանության նախարարը, պետք է բացատրություններ տա, թե ինչի հիման վրա է նա այդպիսի հրաման ստորագրել: Առավել եւս, որ [նախկին] պաշտպանության նախարարին այդպիսի հարցեր հղվել են եւ Փաստահավաք խմբում, եւ ինքը, ըստ էության, թաքցրել է այդպիսի հրամանի առկայությունը», - հավելեց նա:

Մարտի 1-ին զինված ուժերի ընդգրկման խնդրին պատրաստվում է անդրադառնալ նաեւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արամ Կարապետյանը՝ առաջիկայում հրապարակելիք իր երկրորդ զեկույցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պնդեց, որ ունի նաեւ մամուլում չհրապարակված նյութեր:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) ներկայացնող Արտավազդ Վարդանյանը, ով, հիշեցնենք, նույնպես հրաժարվել էր ստորագրել հանձնաժողովի վերջնական եզրակացությունը, հրապարակել էր իր սեփական զեկույցը եւ դուրս եկել ԱԺՄ-ի շարքերից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, թե պատրաստ է իր ունեցած նյութերն ու եզրակացությունները տրամադրել ինչպես Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր կշարունակեն զբաղվել մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG