«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Երեքշաբթի օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած վճռով Փաշինյանը արդարացվեց Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, որով նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն մեղավոր ճանաչվեց 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Մեղադրող կողմը միջնորդել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման` 2 տարի` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 6 տարի` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքների շրջանակներում: Դատարանը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին արդարացված համարելով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքի մասով, սահմանեց մեղադրողի պահանջածից մեկ տարով ավելի պատժաչափ` «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղավոր ճանաչելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ասաց, որ դատարանի նման որոշումը անսպասելի է: «Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները գոնե թե մի տարի պահանջված պատժաչափից ավելի ցածր են տալիս, այս պարագայում հակառակն էր, փաստորեն», - ընդգծեց պաշտպանը` հավելելով. - «Արդար դատավճիռ, իհարկե, չէինք ակնկալում դատարանից, որովհետեւ վաղուց Հայաստանում արդար դատավճիռներ չեն լինում»:
Լուսինե Սահակյանի բնորոշմամբ` ձեւականություն է Փաշինյանին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով արդարացնելը. - «Սա ձեւականություն է, որպեսզի դատարանը փորձեր ցույց տալ, որ իբրեւ թե ինքը որոշ դեպքերում կարողանում է արդարադատություն իրականացնել: Դատական ակտն էր ակնհայտ ապօրինի ու անարդար»:
Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատավճիռը պատիժ էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության համար: «Իշխանությունները այս դատավճռով ապացուցեցին, որ թույլ են եւ վախենում են Փաշինյանին ազատության մեջ տեսնելուց», - ասաց Լուսինե Սահակյանը:
Դատավճռի հրապարակումը հարուցեց դատարանի շենքի մոտ հավաքված բազմության բուռն վրդովմունքը: Նրանք վանկարկում էին՝ «Ամո'թ», «Դուք ամեն ինչի համար պատասխան եք տալու», «Պայքա'ր, պայքա'ր մինչեւ վերջ»:
Ընդդիմությունը դատարանի կայացրած վճիռը բնորոշեցին որպես «հաշվեհարդար ընդդիմության նկատմամբ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ «իշխանությունները պատասխան են տալու բոլոր ապօրինի որոշումների համար». - «Բայց նաեւ պիտի հասկանան այն մարդիկ՝ դատավորները, քննիչները, դատախազները, որ իրենց էլ ներում չի լինելու, որովհետեւ իրենք, այո, դահիճներ են: Դահիճն էլ կատարում է ընդամենը հրաման»:
«Մենք գիտենք, որ այս դատավճիռը անձամբ Սերժ Սարգսյանն է ընդունել, բայց նրանք, ովքեր կատարում են նրա հրամանները, դահիճներ են... եւ բոլորը տալու են պատասխան», - եզրափակեց Զուրաբյանը՝ հավելելով, որ «գնալու են մինչեւ վերջ ե'ւ քաղաքական, ե'ւ իրավական պայքարում», դիմելու են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը դատավճռի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատարանը հստակ պատվեր կատարեց»:
Կոնգրեսի ներկայացուցիչ, անցած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանի համար դատարանի որոշումը «սպասելի էր», քանի որ իշխանությունները «ընդամենը փորձել են վրեժխնդիր լինել ընդդիմությունից»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ պնդել է. - «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում»։
Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության ազատասեր քաղաքացիներին» կոչ է անում «հետեւողականորեն շարունակել պայքարը` Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար». - «Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ»։