Մատչելիության հղումներ

Թիվ 10-ի երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին


Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում, հաշվի առնելով ստացված դիմումները, անվավեր ճանաչեց ընտրատարածքի երկու տեղամասերում հունվարի 10-ին անցկացված քվեարկության արդյունքները:

Անվավեր ճանաչվեցին քվեարկության արդյունքները թիվ 10/15 եւ թիվ 10/19 տեղամասերում, որոնցում ընտրությունների մասնակիցների թիվը` համապատասխանաբար 582 եւ 599, կհամարվի անճշտություն: Այդ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն:

Հանձնաժողովը մերժեց թիվ 10/34, 10/09, 10/12 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումները` հիմնավորելով, որ դրանցում մատնանշված են ոչ թե կոնկրետ կեղծիքների, այլ վիճաբանությունների եւ բռնությունների փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննները:

Մասնավորապես, թիվ 10/9 տեղամասի առջեւ ծեծի էին ենթարկվել պատգամավորության թեկնածում, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 2 վստահված անձինք եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ընտրատարածքային հանձնաժողովը որոշեց, որ ընտրությունների արդյունքի վրա այդ եւ նմանատիպ միջադեպերի ազդեցության մասին փաստող տեղեկատվություն չկա։

Հանձնաժողովի նույն օրվա որոշմամբ, թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթող ճանաչվեց «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ 6850 ձայնով: Նիկոլ Փաշինյանը վերջնական տվյալներով ստացավ 4650 ձայն,Դավիթ Հակոբյանը` 288։

Ընդդիմությունը, ինչպես նաեւ դիտորդները եւ լրագրողները վկայում են, որ այդ ընտրությունները ուղեկցվել են կեղծիքներով, բռնություններով եւ ահաբեկումներով: Մասնավորապես, տեղի ունեցած խախտումներին է անդրադարձել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը` Հայաստանի իշխանություններին հորդորելով՝ ««հետաքննել բոլոր խախտումները, որոնց մասին հաղորդվել է, բռնությունների մասին պնդումները, արագորեն պարզել դրանց համար պատասխանատուների ինքնությունը եւ գործ հարուցել նրանց նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG