Մատչելիության հղումներ

Թուրքիային չի բավարարում Իսրայելի փոխարտգործնախարարի «կիսաներողությունը»


Աբդուլա Գյուլ
Աբդուլա Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չորեքշաբթի օրը Իսրայելից պահանջել է մինչեւ երեկո ուղղել դիվանագիտական աննախադեպ կոպիտ սխալը Թուրքիայի դեսպանի նկատմամբ: «Հակառակ դեպքում` մեր դեսպանը հինգշաբթի օրվա առաջին իսկ չվերթով կկանչվի Անկարա՝ հետագա խորհրդակցությունների համար», - հայտարարել է Գյուլը:

Թուրքիայի արտգործնախարարությունը անբավարար է համարել Իսրայելի արտաքին գործերի փոխնախարարի կողմից թուրք դեսպանի նսեմացման վերաբերյալ բացատրությունը, որը թուրքական աղբյուրները որակում են իսրայելական կողմի հայտնած «կիսաներողություն»:

Այն բանից, հետո, երբ պաշտոնական Անկարան պահանջեց իսրայելական կողմից պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական առաքելություն իրականացնող իր ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարություն տարածեց, որում, Jerusalem Post-ի հաղորդմամբ, մասնավորապես, ասվում է. - «Իմ բողոքը Թուրքիայի դեմ դեռեւս չի մարել, բայց ես սովորություն չունեմ վիրավորել դեսպանների պատիվը եւ ապագայում իմ դիրքորոշումը արտահայտելիս կօգտվեմ ավելի ընդունելի դիվանագիտական միջոցներից»:

Թեեւ Այալոնը խուսափել է «ներողություն» բառն օգտագործել, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, արձագանքելով կատարվածին, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ բավարարված է Այալոնի ներողությամբ, որ «փոխարտգործնախարարի դժգոհությունը հիմնավորված եւ արդարացի է, բայց նա պետք է իր բողոքն արտահայտելու համար կիրառեր ավելի ընդունելի դիվանագիտական մեթոդներ»:

Երկուշաբթի օրը Իսրայելի փոխարտգործնախարարը Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին հրավիրել էր ԱԳՆ` բացատրություն պահանջելու թուրքական հեռուստատեսությամբ հակաիսրայելական «Գայլերի հովիտը» սերիալը ցուցադրելու համար, որտեղ իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առեւանգող: Հանդիպման ժամանակ Այալոնը Թուրքիայի դեսպանին նստեցրել է ավելի ցածր բազմոցին եւ եբրայերենով դիմելով ներկա լուսանկարիչներին՝ ասել. - «Ուշադրություն դարձրեք, որ նա նստած է ավելի ցածր աթոռին, մենք` նրանից ավելի բարձր, սեղանին միայն մեկ` իսրայելական դրոշ կա, եւ մենք չենք ժպտում»: Ահմեդ Օղուզ Չելիքոլի ներկայացուցիչների վկայությամբ՝ Թուրքիայի դեսպանը չի հասկացել, թե ինչի մասին է խոսում Այալոնը, «հակառակ դեպքում՝ պատշաճ պատասխան կտար հենց տեղում»:

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ այս դիվանագիտական սկանդալը, փաստորեն, բռնկվեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի` հունվարի 17-ին նախատեսված Անկարա այցից մի քանի օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG