Մատչելիության հղումներ

Լրատվության ապահովության միջազգային ինստիտուտի տվյալներով` 2009-ին աշխարհում սպանվել է 132 լրագրող


2009 թվականին աշխարհի 35 երկրներում 132 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեությանն առնչվող հանգամանքներում, փաստում է Լրատվության ապահովության միջազգային ինստիտուտի տարեկան զեկույցը:

2009 թվականին լրագրողների սպանության դեպքերի թիվը 22-ով գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը: Ֆիլիպինները, Մեքսիկան, Սոմալին եւ Ռուսաստանը ամենավտանգավոր երկրներն են եղել լրագրողների համար: Անցած տարվա ընթացքում, ինստիտուտի տվյալներով, Ֆիլիպիններում սպանվել է 37, Մեքսիկայում՝ 11, Սոմալիում եւ Ռուսաստանում՝ 9-ական լրագրող:

«Լրագրողները շարունակում են մահանալ, քանի որ լույս են սփռում հասարակության մութ անկյունների վրա: Սա այն ցնցող գինն է, որ մենք վճարում ենք տեղեկատվության դիմաց: Այս անընդունելի իրավիճակը կտիրի այնքան, քանի դեռ լրագրողներին սպանողները ազատության մեջ են», - ընդգծել է ինստիտուտի տնօրեն Ռոդնի Փինդերը:

Լրատվության ապահովության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ սպանված լրագրողներից միայն 3-ն են միջազգային լրագրողներ, մնացյալ դեպքերում թիրախ են դարձել վտանգավոր թեմաներ լուսաբանող տեղացի լրագրողները:

Բրյուսելում գործող Լրատվության ապահովության միջազգային ինստիտուտը նաեւ անվտանգության դասընթացներ է անցկացնում լրագրողների համար ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG