Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր վարակաբանի հավաստիացմամբ, H1N1 գրիպով վարակի ալիքը «արդեն մարում է»


Առողջապահության նախարարության տվյալներով` A/H1N1 գրիպով հիվանդների թիվը տոնական օրերին չի ավելացել, իսկ շտապ բուժօգնություն ծառայության կանչերի թիվը նախորդ տարիների համեմատ՝ պակասել է։

Մինչ օրս Հայաստանում H1N1 վիրուսային վարակի («խոզի գրիպի») լաբորատոր հաստատված 111 դեպք է գրանցվել, որից 3-ը՝ մահվան ելքով: Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խոսքով, հիվանդության ալիքը արդեն մարում է:

«Հիմա մենք գտնվում ենք մարման փուլում, եւ եթե շարունակենք ճիշտ այսպես ապրել, գրիպի երկրորդ ալիքը չենք ունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարակաբանը։

Արա Ասոյանը նաեւ պարզաբանեց, որ հիվանդության լաբորատոր հաստատված թիվը չի արտահայտում «խոզի գրիպով» վարակվածության իրական պատկերը երկրում, եւ H1N1 վիրուսով հիվանդների թիվը, մասնագետի վկայությամբ, հարյուրների եւ հազարների է հասել։

Ամանորյա տոների ավանդական այցելություններն ու ինտենսիվ շփումները H1N1 վարակի տարածմանը չեն նպաստել, ասաց Ասոյանը. - «Մեր ժողովուրդը կարծես ավելի զգաստացել է, այդ այցելությունները բավական պակասել են եւ հիվանդացության աճ չի նկատվում»։

Հունվարի 11–ից վերսկվում են գրիպի համաճարակի պատճառով ընդհատված դասերը դպրոցներում։

«Ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ դիմել ծնողներին, մանկավարժներին. եթե նկատեն, որ երեխան ունի գրիպի երեւույթներ, թույլ չտան որ երեխան հաճախի դպրոց, մանկապարտեզ», - այս առիթով զգուշացրեց Արա Ասոյանը։

Այն, որ սուր շնչառական հիվանդության ալիքը տոնական օրերին չի ավելացել, փաստում է նաեւ շտապ օգնություն օպերատիվ ծառայության ավագ բժշկուհի Լիլիա Պողոսյանը։ Ընդհանուր առմամբ, այս ամանորին նվազել են Շտապ օգնության կանչերը։ Եթե նախորդ տարի տոնական օրերին միջինում օրական 700 կանչ էին գրանցում, ապա այս տարի 500 զանգ են ստացել։

«Նախորդ տարիների հետ համեմատած գերազանց է վիճակը այս տարի», - նշեց բժշկուհի Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG