Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի այսօրվա իշխանությունները շարունակելու են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»


Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը 2009 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության առումով բեկումնային է գնահատում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։

«Որովհետեւ Հայաստանը ներկայացավ աշխարհին որպես տարածաշրջանային լիդերներից մեկը, որպես երկիր, որը օրակարգ է ձեւավորում տարածաշրջանում», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը՝ ամփոփելով անցած տարին։

Իշխող կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կամ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վրա. - «Ամբողջ աշխարհը պետք է մի բան հասկանա, որ այդ պրոցեսը միայն Հայաստանին պետք չէ։ Մեզ ամեն գնով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ պետք չէ։ Մեզ միայն պետք է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»։

«Բոլորը պետք է գիտակցեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի այսօրվա իշխանությունները շարունակելու են, ավելի ինտենսիվ են շարունակելու», - ընդգծեց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, իշխող կուսակցության խոսնակը հայտարարեց. - «Մեզ համար հարցը փաստացի լուծված է, Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է, եւ մենք պետք է հասնենք նրան, որ փաստացի անկախ կարգավիճակն ամրագրվի իրավական անկախ կարգավիճակով»։

Ի վերջո, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններին ուղղված արձանագրությունների վավերացման մասով, մինչեւ ապրիլի 24-ը ամեն ինչ պարզ կլինի։

«Ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն»


Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրությունները ապացուցեցին, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն, եւ, որ իշխող կուսակցության համար ավելի ցանկալի է ժողովրդավարական ճանապարհը։

«Ես հեռու եմ այն մտքից, որ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունները իդեալական ընտրություններ էին, բայց, գոնե իմ դիտարկմամբ, մենք կարող ենք փաստել, որ այս ընտրությունները ամենահրապարակայինն էին, ամենաբացն էին, եւ բոլոր թեկնածուները ունեին հավասար պայմանները», - հայտարարեց Շարմազանովը։

Կիրակի օրը Երեւանում հարձակման եւ ծեծի էին ենթարկվել թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկեւկես տասնյակ երիտասարդներ, որոնք իրականացնում էին Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ, չնայած իշխանությունների ընտրած ժողովրդավարական ճանապարհին, տարին փակվում է նախընտրական բռնություններով, Շարմազանովն արձագանքեց. - «Ցանկացած ոտնահարում քաղաքացիների իրավունքների նկատմամբ, անթույլատրելի է։ Այստեղ իրավապահ մարմիններն անելիքներ ունեն։ Դա դատապարտելի արարք է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG