Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ին լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող ոստիկանների նկատմամբ համաներում կիրառվեց


Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մի անհայտ քաղաքացու ծեծի ենթարկած երկու ոստիկանները ուրբաթ օրը համաներմամբ ազատվեցին պատժից։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց. Պետական պահպանության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանին եւ Հովհաննես Ղուկասյանին դատապարտել երկուական տարվա ազատազրկման, առաջիկա մեկ տարում զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բայց համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիմքով ազատել պատժից եւ վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Այլ կերպ ասած՝ այս ոստիկանները կմնան ազատության մեջ, բայց, ինչպես պարզաբանեց նրանց փաստաբան Արշակ Թովմասյանը, մեկ տարի իրավապահ համակարգում չեն կարողանա աշխատել։

Ոստիկանները դժգոհ են դատավճռից։ Մինչ վճռի հրապարակումը նրանք արդարացման ակնկալիքներ ունեին։ Փաստաբանն իր պաշտպանական ճառում «անմեղ» որակեց իր պաշտպանյալներին։

«Իրականում Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձը, այսպես կոչված՝ «տուժողը», չի բացահայտվել։ Իսկ երկու անմեղ անձ, տվյալ դեպքում՝ իմ պաշտպանյալները, մեղադրվել եւ դատի են տրվել», - հայտարարեց Արշակ Թովմասյանը։

Գեղամ Հարությունյանը եւ Հովհաննես Ղուկասյանը մեղադրվում են լիազորություններն անցնելով բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու մեջ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրող կողմի, մարտի 1-ի առավոտյան ոստիկանները ռետինե մահակներով ծեծի են ենթարկել մինչ այդ ոստիկանների ուղղությամբ քարեր նետած ու նրանց հայհոյած մի անհայտ քաղաքացու, որը արդեն վնասազերծված եւ գետնին պառկած է եղել։ Պաշտպանական կողմը պնդում է, որ քաղաքացին այդ վիճակում նույնպես շարունակել է ոտքերով խփել ու հայհոյել, դրա համար էլ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։

Մարտի 1-ի դեպքերից ավելի քան մեկ տարի հետո դատախազությունը գործեր էր հարուցել չորս ոստիկանի դեմ։ Այս գործերի համար հիմք էին հանդիսացել ինտերնետում տեղադրված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, թե այդ ոստիկանները ինչպես են ծեծում ցուցարարներին։

Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ մեղադրվող մյուս երկու ոստիկանների դատավարությունը ավարտվել էր դեկտեմբերի 16-ին։ Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանին եւ Գեղամ Գրիգորյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ, դատապարտել երեքական տարի ազատազրկման, բայց կիրառելով համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշումը` նրանց նույնպես ազատել էր պատժից։
XS
SM
MD
LG