Մատչելիության հղումներ

Սուրբծննդյան արարողության ժամանակ Հռոմի պապը հարձակման է ենթարկվել


Բենեդիկտոս տասնվեցերորդ
Բենեդիկտոս տասնվեցերորդ

Նախօրեին Վատիկանում, կաթոլիկ Սուրբ Ծնունդի արարողության ժամանակ, Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդի վրա հարձակում է կատարվել։ Սուրբ Պետրոսի տաճարում, երբ Պապը քայլում էր դեպի զոհասեղանը, կարմիր հագուստով մի կին անցել է արգելապատնեշի վրայով եւ վայր գցել նրան:

82-ամյա Պապը չի տուժել, նրան օգնել են ոտքի կանգնել: Բենեդիկտոս տասնվեցերորդի վրա հարձակված կնոջն անմիջապես ձերբակալել են. հաղորդվում է, որ նա հոգեկան շեղումներ ունի: Կնոջ ինքնությունը դեռեւս չի պարզվել, սակայն Վատիկանը հաստատել է, որ նույն կինը փորձել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա հարձակվել նաեւ անցյալ տարի:

Միջադեպի արդյունքում տուժել է ֆրանսիացի 87-ամյա կարդինալ Ռոժե Էթչեգարայը, ով վայր է ընկել ու կոտրել ոտքը, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպից կարճ ժամանակ անց Հռոմի պապը մատուցել է Սուրբ Ծննդյան պատարագը: Պատարագն սկսվել է ոչ թե կեսգիշերին, այլ սովորականից երկու ժամ առաջ, որպեսզի, ինչպես իր կայացրած որոշումը ավելի բացատրել էր Վատիկանը, 82-ամյա Բենեդիկտոս տասնվեցերորդը չհոգնի:

Հռոմի պապի Urbi et Orbi` «քաղաքին եւ աշխահին» ուղղված այս տարվա սուրբծննդյան ուղերձի հիմնական թեման էր եսասիրությունը, որը, ինչպես Բենեդիկտոս տասնվեցերորդն է ընդգծել, «դարձնում է մեզ մեր հետաքրքրությունների եւ ցանկությունների գերին»:

Պապը իրիկնամուտին կարճ ժամանակահատվածով նաեւ հայտնվել է իր սենյակի պատուհանի մոտ եւ մոմ վառել՝ ի նշան խաղաղության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG