Մատչելիության հղումներ

Թուրքիան «եւս մեկ փոքր քայլ» կատարեց Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ


Թուրքիան եւս մեկ փոքր քայլ է կատարել Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ, երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը:

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բնապահպանական նորմերի վերաբերյալ մեկնարկած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռենը ասել է. - «Բնապահպանական փաթեթը տեխնիկապես բավական բարդ, ժամանակատար եւ մարտահրավեր նետող է թեկնածու երկրի համար: Ես համոզված եմ, որ մեր երկկողմ բանակցային դիրքորոշումների եւ ակտիվ համագործակցության հիմքի վրա գործընթացը կհանգեցնի գերազանց արդյունքի»:

Պաշտոնական Անկարան պարտավոր է ընդունել բնապահպանական մի շարք նոր օրենքներ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: Բնապահպանական փաթեթը մեկն է այն 35 բանակցային փուլերից, որոնցով պետք է անցնի Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու համար: 35-ից 8 կետերով բանակցությունները դեռեւս սառեցված են՝ Կիպրոսի հիմնախնդրի պատճառով:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Եվրամիությանը կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին թույլ տալ առանց մուտքի արտոնագրի այցելել Եվրամիության անդամ երկրներ:

«Անընդունելի է, որ որոշ բալկանյան երկրներին, որոնք գտնվում են Եվրամիությանը անդամագրման գործընթացի սկզբնական փուլում եւ դեռ չեն սկսել բանակցությունները, ընձեռվել է Շենգենյան գոտի մուտք գործելու արտոնություն, մինչդեռ Թուրքիային, որը արդեն հասել է բանակցային փուլի որոշակի մակարդակի, չի ընձեռվել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ խոստանալով այսուհետեւ ավելի լուրջ զբաղվել այդ հարցով: Դավութօղլուն նաեւ վստահեցրել է, որ Թուրքիան կկատարի բոլոր տեխնիկական պահանջները՝ ապահովելու Թուրքիայի քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ առանց մուտքի արտոնագրի, իսկ եթե տեխնիկական խնդիրների ապահովումից հետո Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների թույլտվություն չտա, դա կդիտվի որպես երկակի չափանիշների կիրառում:

Նախորդ շաբաթ ընդունված որոշման համաձայն` Սերբիայի, Մոնտենեգրոյի եւ Մակեդոնիայի բնակիչները արդեն հնարավորություն ունեն Եվրամիության երկրների մեծ մասում ճամփորդել առանց մուտքի վիզաների: Բալկանյան այդ երեք պետություններն էլ ձգտում են անդամակցել Եվրամիությանը, սակայն նրանից միայն Մակեդոնիան է պաշտոնապես ստացել անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ:

Եվրոպայում անցկացված հարցումների համաձայն՝ ԵՄ-ի անդամ պետությունների բնակիչների մեծ մասը դեմ են մահմեդական Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին։ Նրանք իրենց դիրքորոշումը բացատրում են կրոնական, մշակութային տարբերություններով։ Բացի այդ, նրանց վախեցնում է հեռանկարը, որ ԵՄ-ի կազմում կհայտնվի 71 միլիոն բնակչությամբ երկիր, որտեղ մեկ շնչի եկամուտը Եվրամիության միջին ցուցանիշի մեկ երրորդից էլ պակաս է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG