Մատչելիության հղումներ

Հայկական կինոյի համար 2009 թվականը բարեհաջող է եղել


Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ամփոփելով տարին, նշեց, որ չնայած տնտեսական ճգնաժամին, 2009-ը բարեհաջող է եղել հայ կինոգործիչների համար: Պետբյուջեից հատկացված ավելի քան 405 միլիոն դրամը ծախսվել է լիամետրաժ, կարճամետրաժ եւ դեբյուտային ֆիլմերի ու այլ նախագծերի ստեղծման համար:

Մի շարք հայկական ֆիլմեր այս տարվա ընթացքում մասնակցել են տարբեր միջազգային փառատոների, ստացել մրցանակներ: «Մրցանակների առումով ամենամեծ հաջողությունը ունեցել է Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը», - ասաց Գեւորգյանը:

Կինոկենտրոնի տնօրենը տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից է համարում մասնակցությունը Կաննի փառատոնի կինոշուկային, որտեղ թեեւ ֆիլմեր չեն վաճառել, բայց, ինչպես նշեց Գեւորգ Գեւորգյանը, ճանաչում են ձեռք բերել, որի շնորհիվ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ կինոարտադրության միջպետական կարեւոր պայմանագրեր են կարողացել կնքել:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կինոգործիչներն արդեն պայմանավորվածություն ունեն նկարահանել ծնունդով Ալավերդիից եւ այժմ Մոսկվայում բնակվող ռեժիսոր Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմը, որի 650 հազար եվրո բյուջեի 65 հազարը պիտի Հայաստանը ապահովի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG