Մատչելիության հղումներ

Բլոգ կամ վիրտուալ օրագիր` ծաղկաձորյան սեմինարի օրակարգում


«Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» սեմինարի ամփոփիչ քննարկումը
«Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» սեմինարի ամփոփիչ քննարկումը

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացել ու օգտագործել վիրտուալ տարածքի այն նորաձեւ անկյունը, որ բլոգ է կոչվում, ինչպե՞ս զարգացնել այն ու սեփական նպատակներին ծառայեցնել, ի վերջո ինչպե՞ս հարեւանություն անել հայազգի այլ բլոգերների հետ եւ որդյո՞ք գոյություն ունի բլոգ վարելու էթիկա: Այս եւ նմանատիպ այլ հարցեր քննարկելու համար էին շուրջ 40 երիտասարդներ դեկտեմբերի 11-13-ը հավաքվել Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում:

Ծաղկաձորյան նույն կենտրոնում դեռ ամիսներ առաջ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնն» ացնկացրել էր «Համահայկական երիտասարդական 7-րդ համաժողովը», որի աշխատանքային թեմաներից էր նաեւ բլոգինգը: Եվ հենց այդ ժամանակ բլոգինգին նվիրված առանձին սեմինար-քննարկում նախաձեռնելու միտք է ծագում: «Բլոգինգ, բլոգի կառավարման էթիկա» խորագրով հանդիպման ավարտից հետո Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամի ծրագրերի կազմակերպիչ Քրիստինե Ասատրյանը գոհ է, քանի որ հնարավոր դարձավ եւս մեկ քայլ առաջ կատարել մեր ժամանակների համար բավական արդիական ու անհրաժեշտ բլոգինգի տարածման ուղղությամբ:

Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնը ներկայացնող Աննա Հակոբյանը սեմինար-քննարկման մասնակիցներից էր, բլոգինգը նրա համար մութ աշխարհ չէր, բայց տեղեկատվության կարիք ուներ: Քննարկումների արդյունքում հասկացել է, որ դեռ պիտի մտքերը կենտրոնացնի` սեփական վիրտուալ օրագիրը բացելու համար:

Այսօր բլոգ կոչվածը շատերի համար լուսանկարի, անձնական դարակի ու ստորագրության նման մի բան է դարձել: Մեր օրերում խիստ բազմազան դրսեւրումներ ստացած բլոգերը նաեւ տեղեկատվության շատ կարեւոր աղբյուր են դարձել ու հատկապես սկսել են գրավել լրագրողներին: «Անկախ» թերթի եւ կայքի լրագրող Աննա Մուրադյանը նորեկ է բլոգինգի աշխարհում, քանի որ մոտ կես տարի է անձնական բլոգ վարում: Խոստովանեց, որ հեշտ չէ համատեղել լրագրողի ու բլոգերի` բավական տարբեր վարքագծերը:

Հայկական լրատվության մեջ էլ բլոգերը տեղեկատվություն փոխանցելու հետաքրքիր ու այլընտրանքային միջոցներ են դարձել: Մի շարք լրատվամիջոցներ պահում են բլոգեր, որտեղ իրենց թույլ են տալիս ավելի ազատ ու անկաշկանդ լինել: Ավելին, այսօր արդեն լրագրողները սկսում են հղումներ տալ բլոգերին` որպես աղբյուր: Այդպես բոլորովին վերջերս վարվել է Աննա Մուրադյանը` վստահելով բլոգերներից մեկին: Ինքն անձամբ հայկական բլոգինգի զարգացման տեմպերը կապում է մեր մամուլի միակողմանիության հետ:

Ինչպես աշխարհում այնպես էլ Հայաստանում բլոգինգի պատմությանը հետեւելը բավական դժվար է, քանի որ վիրտուալ անսահմանության մեջ հետքերը շատ են ցրվում: Հայկական բլոգինգի պատմության մասին կարելի է դատել հայ ամենահայտնի բլոգերներից մեկի թվագրությամբ: Հայաստանցի բլոգերներին քաջ հայտնի «Փիղը»` Տիգրան Քոչարյանը, իր անձնական բլոգը բացել է մոտ 6 տարի առաջ, բայց ակտիվ է եղել նախորդ 4 տարիների ընթացքում: Բլոգինգին նվիրված ծաղկաձորյան քննարկման ժամանակ նա մի կարեւոր ամսաթիվ առանձնացրեց, որը ճակատագրական է համարում: Խոսքը 2007-ի դեկտեմբերի 17-ի մասին է, երբ, ինչպես «Փիղն» ասաց, հայ բլոգերները վիրտուալից անցան իրական աշխարհ: Այդ օրվանից սկսվեց բլոգներների համագործակությունն ու նաեւ պայքարը ինչպես վիրտուալ ցանցում, այնպես էլ իրականության մեջ` սրճարանների սեղանների շուրջ:

Ի դեպ, բլոգային պայքարը հաճախ վեր է առօրեական խնդիրներից ու հասնում է մինչեւ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի: Մասնագիտությամբ քաղաքագետ Ռուզան Հարությունյանը, որ բլոգերներին հայտնի է իր կեղծանունով` crazy_patriot, իր վիրտուալ օրագիրը բացել էր 1,5 տարի առաջ, բայց գրել սկսել է մոտ 8 ամիս առաջ: Այսօր արդեն իրեն կարդացողների վիճակագրության մասին հպարտությամբ է խոսում, ընկերների ցուցակները ներառյալ` օրական 700-1000 այցելություն: Crazy_patriot-ը չի ցանկանում եւ չի էլ պատկերացնում որեւէ վերահսկողություն բլոգերների նկատմամբ:

Հայ բլոգերներին օգնելու, նրանց տարածած տեղեկատվությունը առավել հասանելի դարձնելու համար մեկ այլ բլոգեր` Վարդան Պապիկյանը, իր համախոհների հետ ստեղծել է armfeeds.com տարածքը, որը հնարավորություն է տալիս բլոգերների գրառումները կենտրոնցանել մի տեղում: Այս ռեսուրսը օրական 24 անգամ թարմացնում է գրանցված բլոգերների գրառումները: Գործունեության մոտ 5 օրերի ընթացքում armfeeds.com-ը հասցրել է գրավել մի շարք բլոգերների ուշադրությունը, գրանցվել են արդեն 3 տասնյակից ավելի բլոգեր:

Բլոգինգին նվիրված սեմինարի կազմակերպիչներից Քրիստինե Ասատրյանը սեփական բլոգում հիմնականում անձնական բնույթի տեղեկություններ է կիսում: Վերջին գրառումը Կիեւում անցկացրած ուսուցողական ծրագրի ոչ պաշտոնական մանրամասներին է վերաբերում:
XS
SM
MD
LG