Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը չի բացառում Սասուն Միքայելյանի վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունը


Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում
Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե լինի բժշկական համապատասխան եզրակացություն, որ նրա ծանր հիվանդությունը համատեղելի չէ պատիժը կրելու հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Միքայելյանը մեկ շաբաթ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա»
Սասուն Միքայելյան
բժշկական կենտրոն եւ ուրբաթ օրը կրկին բժշկական հետազոտության է ենթարկվելու, որպեսզի որոշվի` հաջորդ շաբաթ նրան կարող են վիրահատել, թե ոչ:

Նրա բուժող բժիշկը` «Արմենիա» բժշկական կենտրոնի Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ Միքայելյանի սրտի վիճակն անհանգստացնող է, եւ առավել ցանկալի է, որ նա բուժումը շարունակի ազատության մեջ:

Ըստ օրենքով սահմանված կարգի, բժշկական եզրակացության հիման վրա քրեակատարողական հիմնարկը միջնորդություն է ներկայացնում համապատասխան հանձնաժողովին, հանձնաժողովը` դատարան, դատարանն էլ վճիռ է կայացնում: «Իսկ Սասուն Միքայելյանի պարագայում կա՞ նման հեռանկար` հաշվի առնելով բուժող բժշկի հնչեցրած մտահոգությունները», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին արդարադատության նախարարը արձագանքեց. - «Կոնկրետ Միքայելյանի հետ կապված` նման հեռանկար այս պահին որեւէ բժիշկ չի ակնարկել, կլինի` կքննարկենք: Բժշկի այդպիսի հայտարարությունները մասնավոր բնույթի են: Երբ կլինի պաշտոնական եզրակացություն` նույն այդ բժշկին մենք, բնականաբար, կարող ենք ներգրավել հանձնաժողովային բժշկական եզրակացություն տալու համար: Եթե եզրակացությունը կլինի այնպիսին, որ տվյալ հիվանդությունը համատեղելի չէ պատիժը կրելու հետ` արդեն դատարանը, բնականաբար, հիմք է ընդունում Քրեական դատավարության օրենսգիրքը եւ ազատ է արձակում»:

Ըստ նախարարի` նման դեպքերում պատիժը կրողին վաղաժամկետ ազատ արձակելու համար բավարար չէ միայն կառավարության 2006 թվականի որոշմամբ հաստատված 41 ծանր հիվանդությունների ցանկը, պետք է նաեւ ապացուցվի, որ հիվանդությունը անհամատեղելի է պատիժը կրելու հետ:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը այս տարվա հունիսին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով:

Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկվածներ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք դա անբավարար հսկողությա՞ն հետեւանք էր, թե՞ կազմակերպված փախուստ, ինչպիսի կասկածներ երբեմն հնչում են, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. - «Հոսանք չի կտրվել, եւ այն տարածված ստահոդ լուրերը, թե իբր պարսպի մեջ մշտապես անցկացված է բարձր լարման հոսանք, եւս, երեւի թե, կինոնկարների սյուժեներից են վերցված. չկա այդպիսի բան, իհարկե: Եթե եղել է փախուստ` խոսել այն մասին, որ հսկողությունը եղել է համարժեք, ուղղակի ճիշտ չէ. նշանակում է` հսկողության առումով մենք ունեցել ենք խնդիրներ»:

«Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ անձանց մեղքի առկայությանը կամ բացակայությանը` այս պահին ես իրավասու չեն այդ հարցին պատասխանելու: Իմ բոլոր վարկածները ես արդեն փոխանցել եմ իրավասու մարմիններին` հանձին Հատուկ քննչական ծառայության, եւ իրենք զբաղվում են», - նշեց արդարադատության նախարարը:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, նաեւ հրաժարական է տվել քրեակատարողական հիմնարկի նախկին պետը` Արսեն Աֆրիկյանը: «Բայց դա չի նշանակում, որ մենք քննություն այս առումով չենք տանելու եւ քրեական գործի ավարտից հետո չենք անդրադառնալու այդ հարցին», - ընդգծեց Գեւորգ Դանիելյանը:

Հինգշաբթի օրը Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել եւս երկու անձի՝ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ Սերժիկ Թամրազյանին. նրանք կալանավորվել են: Դեկտեմբերի 1-ից նախնական կալանքի տակ են քրեակատարողական հիմնարկի եւս երեք աշխատակիցներ: Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

Փախուստի դիմած դատապարտյալները մինչ օրս հայտնաբերված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG