Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հանձնաժողովի առաջարկների կատարմանը կհետեւի ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովը


Հայաստան -- Ոստիկանական ուժերը փորձում են կասեցնել ընդդիմադիր ցուցարարների առաջխաղացումը, Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Հայաստան -- Ոստիկանական ուժերը փորձում են կասեցնել ընդդիմադիր ցուցարարների առաջխաղացումը, Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Հինգշաբթի օրը կայացած բուռն քննարկումներից հետո, 78 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովը հաստատեց Դավիթ Հարությունյանի հեղինակած որոշման նախագիծը, որի համաձայն, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեղ գտած առաջարկների կատարման ընթացքին հետեւելու պատասխանատվությունը կստանձնի Դավիթ Հարությունյանի գլխավորած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։

Անցյալ տարվա հունիսին ձեւավորված «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի խնդիրը, ըստ Ազգային ժողովի համապատասխան որոշման, մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքների ճշտումն էր, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը: Հանձնաժողովի 138-էջանոց եզրակացությունը, որը Ազգային ժողովում ներկայացվեց այս տարվա սեպտեմբերին, որեւէ պարզություն չմտցրեց զոհերի մահվան հանգամանքների մեջ, եւ հիմնականում իրավաչափ գնահատեց իրավապահների գործողությունները։

Հանձնաժողովը, սակայն, նաեւ հանդես էր եկել մի շարք բարեփոխումներ կատարելու առաջարկություններով, այդ թվում՝ ապահովել խոսքի ազատության, արդարադատության անկախություն եւ ազատ ցույցեր, երթեր անցկացնելու ազատություն։

«Մարտի 1-ի» հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքին հետեւելու պատասխանատվությունը պետաիրավական հանձնաժողովին վստահելու՝ իշխանական խմբակցությունների առաջարկը արժանացավ խորհրդարանական ընդդիմության քննադատությանը։

Ընդդիմադիրները, մասնավորապես, պնդում էին, թե պետաիրավական մշտական հանձնաժողովը մինչ օրս միշտ դրական եզրակացություն է տվել այնպիսի նախագծերի, որոնք հետագայում մարդու իրավունքների, խոսքի ազատության տեսանկյունից բացասական հետեւանքներ են ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG