Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստանում է ավելացնել հաջորդ տարվա բյուջեի ծախսերը


Ազգային ժողովը հինգշաբթի հաստատեց 2010 թվականի պետբյուջեն, որը Կառավարության ներկայացրած նախնական տարբերակի համեմատ շոշափելի փոփոխություններ է կրել. աճել են բյուջեի ե՛ւ ծախսային, ե՛ւ եկամտային մասերը։ Արդեն հաստատված բյուջեի ծախսային մասը աճել է 75 միլիարդ դրամով՝ կազմելով 935.5 միլիարդ, եւ ավելի քան 20 միլիարդ դրամով գերազանցելով 2009 թվականի փաստացի բյուջեն։

Միաժամանակ, 65.5 միլիարդ դրամով աճել է նաեւ բյուջեի պլանավորված եկամտային մասը՝ կազմելով 742 միլիարդ դրամ, ընդ որում, բյուջեի դեֆիցիտը, աճելով եւս 10.4 միլիարդ դրամով, հասել է 193.4 միլիարդ դրամի, ինչը կկազմի երկրի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը։

Եկամտային մասում փոփոխությունները, պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանին ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, կատարվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրով վերջնականապես համաձայնեցված գումարի եւ հարկային եկամուտները 37 միլիարդով ավելացնելու հաշվին։ Ընդ որում, 2010 թվականին կառավարությունը կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 1.3 տոկոսի աճ։

Բյուջետային ծախսերի ավելացումները, սակայն, չեն անդրադառնա թոշակների եւ բյուջետային միջոցներից վճարվող աշխատավարձերի վրա։ «Այս պահի դրությամբ դրա մասին խոսելը վաղաժամ է», - հայտարարեց Տիգրան Դավթյանը։

Պաշտպանության բնագավառի ծախսերը կավելանան՝ հասնելով 131 միլիարդ դրամի (շուրջ 350 միլիոն դոլար), ինչը, սակայն, ավելի քան 18 միլիարդ դրամով պակաս է 2009 թվականին այս ոլորտի համար նախատեսված գումարից, եւ 4.2 անգամ զիջում է Ադրբեջանի ռազմական ծախսերը, որոնք հայտարարվել են 1.5 միլիարդ դոլարի չափով։

Լրացուցիչ հատկացումներ են արվել դպրոցաշինությանը, 1.7 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 100 միլիարդ դրամով ավելի գումար է հատկացվել նախկին ԽՍՀՄ-ի խնայբանկերում ներդրված ավանդների փոխհատուցման համար։

Տիգրան Դավթյանը նշեց, որ պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում ընդգրկվել են պատգամավորների 500-ից ավելի առաջարկների մեծ մասը։

Ընդդիմադիրների առաջարկները բյուջեի վերջնական տարբերակում չեն ընդգրկվել։ Երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը փորձեց նախարարից պարզել, թե ինչն է պատճառը, Տիգրան Դավթյանը, ծավալուն հիմնավորումներ ներկայացնելուց հետո, հավելեց` «ձեր ֆրակցիան ընդհանրապես դեմ է բյուջեին ցանկացած տեսքով»:

Այս արտահայտությունը վրդովեցրեց ընդդիմադիր պատգամավորներին. - «Ի՞նչ է, բյուջեով պատժում եք ընդդիմությա՞նը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ հավելելով, թե իրենց խմբակցությունը դեմ է բյուջեին՝ հաշվի առնելով այն հսկայական բեռը, որ այդ բյուջեով ընկնում է ժողովրդի ուսերին:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույնպես արտահայտեց իր դժգոհությունը. - «Նման թշնամական վերաբերմունք երբեւէ հայկական որեւէ կառավարության կողմից չի դրսեւորվել»։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, հայտարարեց, որ նախարարի խոսքերում որեւէ անհարգալից բան չի հնչել. - «Տիգրան Դավթյանը բոլոր պատասխանները տվել է հարգալից։ Որեւէ թշնամական վերաբերմունք չի դրսեւորվել»։

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին բյուջեին։

«Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները կողմ էին բյուջեին, այդ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում վերապահումներ գրեթե չունեին։ Բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 82 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG