Մատչելիության հղումներ

Կոնգրեսի երկու պալատները համաձայնել են Հայաստանին հատկացնել 41, Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը չորեքշաբթի օրը համաձայնության են եկել 2010 թվականի արտաքին օգնության օրինագծի շուրջ, որով Հայաստանի համար առաջարկվում է 41 միլիոն դոլարի օգնություն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեության» համար:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` Կոնգրեսի երկու պալատների նախագծերի համաձայնեցման հանձնաժողովի որոշմամբ նաեւ պահպանվել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկել էր 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը եւ ընթացիկ տարվա 48 միլիոնի փոխարեն 2010 թվականին հատկացնել 30 միլիոն դոլար:

Վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը:

Բացի այդ, վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնություն չէր առաջարկվում:

Հուլիսին Ներկայացուցիչների պալատի հավանությանը արժանացած օրինագծով, սակայն, նախատեսվում էր 2010 թվականին 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության հավասարակշռությունը` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ եւս 450-ական հազար դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար:

Նույն ամսին Սենատի ընդունած օրինագծում Հայաստանի համար սահմանված էր 30 միլիոն դոլարի օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը դրանում հիշատակված չէր:

Համաձայնեցման հանձնաժողովի ընդունած նախագիծը նորից քվեարկության է դրվելու Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո ներկայացվելու է նախագահ Օբամայի վավերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG