Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ընտրություններին մասնակցելու նպատակով Փաշինյանին ազատ արձակելու միջնորդությունը


«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դեկտեմբերի 7-ի դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց վերացնել կալանքը, քանի որ Փաշինյանը գրանցվել է որպես պատգամավորության թեկնածու, եւ, պաշտպանական կողմի պնդմամբ, թեկնածուին կալանավորելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Մեղադրող կողմը առարկեց միջնորդությունը, հայտարարելով, թե միջնորդություն անհիմն է, քանի որ Փաշինյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ դեռ պատգամավորության թեկնածու չէր եւ այդ պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության անհրաժեշտությունը չկա:

Պաշտպանական կողմը եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պնդեցին, որ գրանցված 4 թեկնածուների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, քանի որ Փաշինյանը զրկվում է քարոզարշավ անցկացնելու եւ ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից։ Մեղադրող կողմը հակադարձեց, թե օրենքը նաեւ վստահված անձանց միջոցով քարոզարշավ անցկացնելու հնարավորություն է տալիս եւ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտվել օրենքով սահմանված այդ իրավունքից:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին է ներկայացել այս տարվա հուլիսի 1-ին:

Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը կալանավորված է՝ Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը գրանցեց նրա թեկնածությունը տվյալ ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը շաբաթ օրը գրանցեց նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած մյուս թեկնածուներին` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանին, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:

Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG