Մատչելիության հղումներ

Հայաստանցի խաղաղապահները Աֆղանստան կմեկնեն 2010-ի առաջին ամիսներին


Հայաստանցի խաղաղապահների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010 թվականի առաջին ամիսներին: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ:

Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում գործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դա առաջին նմանատիպ հանդիպումն էր, որին Հայաստանը ներկայացված էր:

Հանդիպումը նախագահել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Աֆղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների արտգործնախարարները:

Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG