Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գրանցվեց


Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը գրանցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը տվյալ ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը առաջնորդվել է Ընտրական օրենսգրքի դրույթներով եւ որեւէ հիմք չի ունեցել մերժելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը»:

«Փաշինյանը ներկայացրել է գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եւ վերջինիս գրանցման համար առարկություն չի եղել, ու Նիկոլ Փաշինյանը համարվել է գրանցված», - ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Վարչական դատարանը նոյեմբերի 20-ին բավարարել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի հայցը ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրել Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ, որը անհրաժեշտ էր պատգամավորի ընտրություններում նրա թեկնածությունը գրանցելու համար:

Անձնագրային եւ վիզաների վարչությունը ավելի վաղ հրաժարվել էր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը շաբաթ օրը գրանցեց նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած մյուս թեկնածուներին` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանին, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանին, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:

Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվեց մեկնաբանություններից` շեշտելով, թե իր պաշտպանյալը դեռեւս գտնվում է կալանքի տակ:

Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը հանձնաժողովի որոշումը բացատրեց հետեւյալ կերպ. - «Սա նշանակում է, որ այս դեպքում իշխանությունները` ներկայացված թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեսքով, խախտում չեն կատարել եւ կատարել են իրենց պարտքը` ընդամենը դա»:

Պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է առաջիկա երկուշաբթի օրը:

Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով` Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված` հավասար հիմունքներով նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունքը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանի դեպքում խախտված է. - «Պետությունը նաեւ բացառիկ դեպքերում կարող է հնարավորություն տալ թեկնածուին` մնալու կալանքի տակ եւ այդ մրցակցությանը մասնակցել լիազորված անձերի, վստահված անձերի միջոցով: Սակայն այդ դեպքում պետական մարմինը, որ կոչված է հավասարություն ապահովելու` տվյալ դեպքում խոսքս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է, միայն նրա համաձայնությամբ կարող է պահվել կալանքի տակ»:

Իսկ հարցին, թե ի՞նչ է ակնկալում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Մաթեւոսյանը արձագանքեց. - «ԿԸՀ-ն կկայացնի այնպիսի մի որոշում, եթե նիստ գումարի համապատասխան օրակարգով, ինչ կայացված կլինի նախօրոք Բաղրամյան 26 հասցեում [նախագահական նստավայրում]: Կկայացնի, չի կայացնի` ես ուղղակի կարծում եմ, որ եթե համապատասխան հասցեում որոշում է կայացված, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ողջ ընթացքում պետք է մնա անազատության մեջ, ուրեմն, մի տեղ, մի օղակում պետք է ինչ-որ խախտում թույլ տա` առանց դրա հնարավոր չէ: Դա կանեն ԿԸՀ-ում, կանեն դատարանում թե որտեղ` ժամանակը ցույց կտա»:

Հայաստանի Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ պատգամավորության թեկնածուն կարող է կալանավորվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը այդ առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանեց. - «Թեկնածուն կարող է կալանավորվել. հիմա մենք թեկնածուին կալանավորո՞ւմ ենք` ոչ, նա արդեն կալանավորված է; Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս դեպքում անելիք չունի. մենք ոչ մի դեպքում ինքնուրույն չենք քննարկում այդ տեսակ հարցերը: Ամեն դեպքում, եթե լիներ թեկնածու, որին վաղը պիտի կալանավորեին` այդ դեպքում դատարանը պարտավոր էր մինչեւ որոշում կայացնելը դիմել ԿԸՀ»:

Քանի դեռ չի որոշվել` ազատ է արձակվելու Փաշինյանը, թե ոչ, նրա երեք վստահված անձինք` կինը` Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ Դավիթ Մաթեւոսյանը եւ Արամազդ Ղալամքարյանը դեկտեմբերի 7-ից օրական երկու ժամ տեսակցելու են Նիկոլ Փաշինյանին` մշակելու եւ իրականացնելու նրա նախընտրական քարոզչությունը:

Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG