Մատչելիության հղումներ

Աթենքում Ղարաբաղի հարցով հայտարարություն ընդունվեց


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, դեկտեմբերի 1-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպման ավարտին տարածել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Նշելով բանակցությունների դրական դինամիկան՝ ինչի մասին վկայում են այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումները, պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումների «աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը եւ առաջխաղացմանը 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի բերելու ուղղությամբ»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը վերահաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ամբողջացնելու ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքները, ինչպես այդ մասին ասվել էր հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները կողմերին կոչ են արել՝ «հնարավորինս շուտ ավարտին հասցնել այս աշխատանքը»։

«Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը հնարավություն կտա հասնել համապարփակ կարգավորման եւ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերել ողջ տարածաշրջանին», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները այս փաստաթղթով պատրաստակամություն են հայտնել ավարտուն տեսքի բերել Հիմնարար սկզբունքները եւ շարունակել աշխատել մնացյալ խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, հիմնվելով, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների ներառումը համատեղ ստորագրված փաստաթղթում համարեց հայկական կողմի խոշոր ձեռքբերումներից մեկը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. - «Առաջին անգամ նախարարական այս կոնֆերանսի շրջանակներում հայտարարություն է արվում, որտեղ նշվում է երեք սկզբունքների մասին: Հուսով եմ, որ հայտարարություն կլինի նաեւ նախարարական կոնֆերանսի կողմից, այսինքն՝ 56 երկրի կողմից: Դա, իհարկե, դեռ հարցի լուծումը չէ, դա այն գլխավոր հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա բանակցություններն են վարվելու, որպեսզի մոտեցնեն կողմերի դիրքորոշումները Մադրիդի փաստաթղթի մեջ ներկայացված սկզբունքների շուրջ: Երբ որ մենք համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ պայմանագրի մշակման վերաբերյալ, որին, իհարկե, պետք է անպայման մասնակցի նաեւ Ղարաբաղը»:


Աննա Իսրայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG