Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ի համագումարը որակում է «խրախճանք ժանտախտի ժամանակ»


Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեց այն, որ իշխող Հանրապետական կուսակցության` շաբաթ օրը կայացած համագումարին ընդդիմադիր Կոնգրեսը հրավիրված չէր:

«Ինքնագոհ կեցվածքով հավաքված ինքնավստահ մարդիկ, որոնք տանում են Հայաստանը դեպի կործանում. ահա այդ պատկերն էր», - նշեց նա` հավելելով. - «Այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակում պարծենում են նրանով, որ ճգնաժամը, իրենց կարծիքով, մեծ վնաս չի տվել ժողովրդին: Մինչդեռ ոչ ոք չի պատասխանում այն հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ աշխարհում անկման ցուցանիշը լինի 1,5 տոկոս, իսկ Հայաստանում հասել է 18,5 տոկոսի»:

«Ձախողելով ե'ւ ներքին, ե'ւ արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով` ամպագոռգոռ հայտարարություններն են անում, թե ինչպիսի հաջողակ են իրենց քաղաքականության մեջ. իսկական խրախճանք ժանտախտի ժամանակ», - ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:

Ներկայումս տեղի ունեցող գործընթացները «նավի խորտակմանն» են տանում, ուստի շատ լավ գիտակցելով ճգնաժամի խորությունը, բնակչության սոցիալական վիճակի վատացման հեռանկարը եւ Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ զարգացումները` իշխող կուսակցությունը փորձում է կանխարգելել իր ներսում հնարավոր պառկտումները, հայտարարեց Զուրաբյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մի շարք նախարարների ու պաշտոնյաների անդամակցության գործընթացին:

«Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ ծանր վիճակում են հայտնվելու ընդամենը մի քանի ամիս հետո, եւ այդ վիճակում նրանց համար շատ կարեւոր է կատարել, այսպես ասած, զորքի զորահանդես, ընդգծել սեփական «հզորությունը», համախմբել ուժերը, որովհետեւ այն ծանր ժամանակներում, որոնք առջեւում են, այդ թիմի բազմաթիվ անդամների եւ մասերի համար լինելու են գայթակղության ժամեր, երբ նրանք ե'ւ դասալքելու ցանկություն են ունենալու, ե'ւ այլ թիմեր գնալու, պառակտվելու: Այս վտանգները շատ լավ հասկանալով` այսօր փորձում են այդպիսի ցուցադրական մի համախմբում ունենալ, կանխարգելել հնարավոր պառակտումները», - վստահեցրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Իշխող կոալիցիայի հնարավոր փլուզման մասին խոսակցությունների առնչությամբ Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Ես որեւէ մոլորություն չունեմ. այդ թիմը կերակրատաշտի շուրջ է ձեւավորվել` այդ կոալիցիան, եւ նման դեպքերում կոալիցիան սկսում է կազմալուծվել մոտավորապես այնպես, ինչպես խորտակվող նավից առնետները փախչում են: Այսինքն, այդ կազմալուծումը առաջին իսկ նշանը կլինի նավի խորտակման»:

Նրա համոզմամբ` «այն պրոցեսները, որ այսօր կատարվում են, տանում են այդ նավի խորտակմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG