Մատչելիության հղումներ

Աթենքում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նաբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը 2009 թվականի մայիսին Փարիզում:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նաբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը 2009 թվականի մայիսին Փարիզում:

Հունաստանի մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում երկուշաբթի օրը Երեւանի ժամանակով մոտ ժամը 19-ին սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ կողմերի միջեւ պայմանավորվածության, այս աշխատանքային հանդիպումից հետո չեն արվելու հայտարարություններ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը, այդուհանդերձ, խոստացել է, որ ավելի ուշ կհանդիպի Աթենքում գտնվող հայ լրագրողներին:

Վաղը Աթենքում իր աշխատանքներն է սկսելու ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 17-րդ նիստը: Հունաստանն այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Երկրի վարչապետ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Գեորգիոս Պապանդրեուն այդ պաշտոնում իր վերջին գրավոր ուղերձում՝ ուղղված կազմակերպության անդամ երկրներին, երախտագիտություն է հայտնել Մինսկի խմբի երեք համանախագահողներին, ինչպես նաեւ դեսպան Անջեյ Կասպրչիկին՝ «Ղարաբաղի հակամարտության հարցում փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն ուղղված ջանքերի համար»:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ նշել է, թե դրական սպասելիքներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վերջին շրջանի հաճախակի հանդիպումների առնչությամբ:

Նախագահությունը ԵԱՀԿ-ում ստանձնում է Ղազախստանը, որի պետքարտուղար եւ արտգործնախարար Պանաթ Սաուդաբաեւը արդեն իսկ հայտարարել է, որ ծրագրում է ունենալ իր անձնական ներկայացուցիչը հակամարտությունների հարցերով:

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Աթենք են ժամանել 56 երկրների պատվիրակություններ, որոնք քննարկելու են անցած տարում կազմակերպության գործունեությունը եւ ներկայացնելու են իրենց տեսակետները անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG