Մատչելիության հղումներ

Կախված տեղումների քանակից՝ կարող են առաջանալ խնդիրներ


Մայրաքաղաքում առաջին ձյունը դեռ չի տեղացել, սակայն քաղաքային իշխանությունները նոյեմբերի 15-ից սկսել են նախապատրաստվել ձմռանը. կարգի են բերված համապատասխան տեխնիկական միջոցները, կուտակված է աղ եւ ավազ։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, սակայն, չի բացառում, որ կախված տեղումների քանակից՝ խնդիրներ կարող են առաջանալ։

«Այստեղ մենք ունենք խնդիր՝ տեխնիկայի առումով։ Բոլոր ձեռնարկությունները միասին 254 միավոր տեխնիկա ունեն ձմեռային աշխատանքները իրականացնելու համար։ Լավ կլիներ, որ ամբողջ նորմատիվ տեխնիկան ունենայինք, բայց փաստն այն է, որ չունենք», - չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Խաչատրյանը՝ մանրամասնելով. - «Նորմատիվ սահմանվում է, որ 1 ժամ 40 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում Երեւան քաղաքի ամբողջ մակերեսը պետք է մաքրենք, սակայն քանի որ տեխնիկան չի բավարարում, մենք այդ հնարավորությունը չունենք»։

Հետեւաբար, խցանումներից խուսափելու համար առաջնահերթությունը տրվելու է այն փողոցներին, որոնցով անցնում է հասարակական տրանսպորտը, այնուհետեւ կմաքրվեն երկրորդային փողոցներն ու բակային տարածքները։

Նախորդ ձմեռ մայթերը մաքրելու համար անհրաժեշտ աշխատուժի սակավության պատճառով, քաղաքային իշպանությունները հայտարարեցին, որ պատրաստ են վճարել կամավորներին, ովքեր կօգնեն մաքրել մայթերը։ Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, նախորդ ձմեռվանից հետո ձեռք է բերվել մայթերը մաքրող տեխնիկա, եւ հայտնի չէ, այս ձմռանն անհրաժեշտ կլինի արդյո՞ք կողմնակի աշխատուժ, թե ոչ։

Ձմռան ամիսներին մայրաքաղաքում հաճախ են շարքից դուրս գալիս ջրի խողովակները։ Դա հիմնականում սպառնում է այն համայնքներին, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա չէ, եւ ձմեռային ամիսներին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում խողովակներում եղած ջուրն անմիջապես սառչում է։ Քաղաքապետարանը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ «Երեւան Ջուր» ընկերության հետ՝ այս խնդիրը լուծելու համար։

«Քանի որ Երեւան քաղաքում ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով, դրա համար մենք պայմանավորվել ենք «Երեւան Ջուր» ընկերության հետ ձմեռվա այս ամիսներին, երբ ջերմաստիճանը բացասական կլինի, գրաֆիկների փոփոխություն կկատարենք։ Այսինքն, այն երեկոյան ժամերին, որ հիմնականում լինում է ցուրտ, մենք անպայման այնպես կանենք, որ շարունակական ջրամատակարարում ապահովենք, որ ջրի շարժում լինի, չսառի», - նշեց Խաչատրյանը՝ հավելելով. - «Անցած տարի մենք այդ փորձը արեցինք եւ բավականին դրական արդյունք տվեց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG