Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Ղարաբաղի անկախությունը Հայաստանի իշխանությունները շատ շուտ պետք է ճանաչեին»


Արմեն Մարտիրոսյան, Երեւան, 24 նոյեմբերի,2009
Արմեն Մարտիրոսյան, Երեւան, 24 նոյեմբերի,2009

«Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը մեր իշխանությունները շատ շուտ պետք է անեին` մինչեւ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, եւ նախադեպը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղը», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի նախագահի մամլո խոսնակի երկուշաբթի օրվա հայտարարությունը:

Արձագանքելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հերթական սպառնալից հայտարարությանը` Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, մասնավորապես, ասել է. - «Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է եկել ավելի վաղ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման վերաբերյալ տարածված տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին Մարտիրոսյանը արձագանքեց, թե, ըստ էության, իրականացան նախկինում իր արած կանխատեսումները. - «Որեւէ փաստաթուղթ չէր կարող ստորագրվել այդ օրը եւ, կարծում եմ, մոտակա ժամանակներս էլ որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել, որոշակի պայմանավորվածություններ կամ համաձայնություն բանավոր` որոշ կետերի շուրջ, կարող են ունենալ, եւ այդպես էլ տեղի ունեցավ»:

«Կապում եմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված փաստաթղթի ստորագրումը հայ - թուրքական արձանագրությունների հետ` այն հետեւությամբ, որ սկզբնական շրջանում, կարծում եմ, կյանքի կոչվեն հայ - թուրքական արձանագրությունները, եւ հասարակությունը արդեն համակերպված լինի այդ արձանագրություններին, ապա դրանից հետո տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ կապված քայլեր, այդ թվում` փաստաթղթի ստորագրում», - ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանում հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է այն բանից, թե երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG