Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթներին սպասվում է Ղարաբաղի շուրջ քննարկումների ակտիվացում


Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8 հոկտեմբերի, 2009
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Քիշնեւում, 8 հոկտեմբերի, 2009

Ըստ տարբեր տեղերից ստացվող լուրերի` առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է Ղարաբաղի խնդրի լուծման քննարկումների ակտիվացում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն արդեն ասել են, որ մինչեւ այս ամսվա վերջը նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Դեկտեմբերի սկզբին Հունաստանում անցկացվելու է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների տարեկան հանդիպումը:

Դեկտեմբերի 6-7-ը Միացյալ Նահանգներ է մեկնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի օրը ասել է, թե Էրդողանի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Ղարաբաղին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երեքշաբթի օրվա ասուլիսում պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցին` Լավրովն ասել է, թե ԵԱՀԿ-ի տարածքի հակամարտությունները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Կոսովոյի հակամարտությունները, պետք է լուծվեն նախկինում ընդունված ձեւաչափի համաձայն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ մասնակցել է փախստականների համար շենքի բացմանը ու ասել, թե սա բնակության ժամանակավոր տեղ է: Ալիեւը փախստականներին խոստացել է հետ վերադարձնել «գրավյալ» տարածքները ու նրանց համար այնտեղ շենքեր կառուցել:

«Անձամբ ես չեմ կասկածում, որ ադրբեջանական հողերը կազատագրվեն, հիմնական հարցն այն է, թե ինչ ճանապարհով: Իրավիճակը հարթելու երկու ճանապարհ կա` խաղաղ կամ ռազմական: Ուրիշ ճանապարհ չկա: Մենք այլեւս չենք կարող ձգձգել այս գործընթացը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Դժգոհելով Մինսկի խմբի միջնորդական գործունեությունից, թե 15 տարվա միջնորդական ջանքերը արդյունք չեն տվել, նա, այնուամենայնիվ, ասել է, թե բանակցություններն արդեն նախատեսում են հայկական զինված ուժերի դուրսբերում բոլոր «գրավյալ» տարածքներից, քննարկումների առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որի մասին նախկինում խոսք էլ չկար:

Ալիեւը համեմատել է Ադրբեջանի ու Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական իրավիճակները եւ եզրակացություններ արել, թե ժամանակի ընթացքում Հայաստանը չի կարող պաշտպանել հակամարտության գիծը, որ հիմա Ադրբեջանի տնտեսությունը 7 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությունը:

Նա ասել է, թե հաշվի առնելով այս բոլոր գործոններն ու հեռանկարները` Ադրբեջանը դեռ ընտրում է բանակցությունների ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG