Մատչելիության հղումներ

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց «Ժառանգության» մարտիմեկյան նախագիծը


Ազգային ժողովը երկուշաբթի մերժեց 4-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում արտահերթ կարգով ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի առաջարկած որոշման նախագիծը` 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրման խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծման մասին:

Փոխարենը արտահերթ կարգով քառօրյա ընդգրկվեց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) առաջարկը` գործունեությունը դադարեցրած «Մարտի 1»-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված առաջարկությունների մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ժառանգության» նախագծում որպես գերխնդիր էր սահմանվում «Մարտի 1»-ին տեղի ունեցած սպանությունները բացահայտելն ու մարդասպաններին պատժելը: Առաջարկվում էր հանձնաժողովում ապահովել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայությունը, ինչպես նաեւ ընդգրկել միջազգային փորձագետների:

«Ժառանգությունը» դժգոհում է


Իրենց առաջարկը Ազգային ժողովի օրակարգում չընդգրկելու որոշումից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չզարմացավ` վկայակոչելով այն պիտակները, որ ամիսներ առաջ մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը քննարկելիս խորհրդարանում հնչել էին «Ժառանգության» հասցեին:

«Նրանք դեմ են դրան անդրադառնալուն` համոզված լինելով, որ ընդդիմությունը` տվյալ դեպքում «Ժառանգությունը» եւ Լարիսա Ալավերդյանը, ուզում է պոպուլիստական բաներ անել: Այդ զեկույցը քննարկելու ժամանակ արժանացել ենք այնպիսի պիտակավորումների, որը ես անհարմար եմ զգում կրկնել: Քարանձավային շպիոնամանիայով միայն կարելի է բացատրել այն պիտակները, որոնց իրենք [Հանրապետական կուսակցության պատգամավորները] արժանացրեցին «Ժառանգություն» խմբակցությանը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել «Ժառանգության» այս նախագծին: Ըստ Լարիսա Ալավերդյանի, հիմնավորումը եղել է այն, որ դա քաղաքական փաստաթուղթ է եւ կասկածի տակ է առնում Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի ողջ աշխատանքը:

«Ազգային ժողովը դա քաղաքական մարմին է, ես քաղաքական գործիչ եմ, եւ այստեղ ընդունվող ցանկացած օրենք քաղաքական փաստաթուղթ է», - դժգոհեց Ալավերդյանը` հավելելով. - «Այո՜, եւ վիճակը այսօր Հայաստանում` դա քաղաքական ճգնաժամ է: Մինչեւ մենք այստեղ ձեզ հետ կանգնած ենք, մարդասպանները փողոցում ազատ քայլում են»:

Դաշնակցությունը պարզաբանում է


Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նաեւ Դաշնակցության նախագծին` նշելով, որ մշտադիտարկման գործընթացը Ազգային ժողովի որոշմամբ կարող են իրականացնել խորհրդարանական մշտական հանձնաժողովները: Դաշնակցականները չեն ընդունում նման հիմնավորումը` համարելով, որ դրա նպատակը խնդրի քննարկումը սառեցնելն է:

ՀՅԴ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ` «մեր առաջարկի հիմնական մեխերից մեկը հենց դա է, որ Մոնիթորինգի հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը»:

«Արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներգրավումը նախատեսված է, առաջարկությունը կանի Մոնիթորինգի հանձնաժողովը, եւ ոչ միայն իրենց, այլեւ քաղաքական հասարակության այլ ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանին եւ նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին», - նաեւ ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց առաջարկած կառույցը կոչված է վերահսկել նաեւ ԵԽԽՎ-ի կողմից արված առաջարկների կատարման ընթացքը, անդրադառնալու է չբացահայտված սպանությունների խնդրին:

Դաշնակցության ներկայացրած նախագծի մասին կարծիք հայտնեց նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը. - «Դաշնակցության առաջարկը վերաբերում է հետեւյալին` որ մարտի 1-ին ինչ կատարվել է, մենք չենք կարող հետ բերել: Արդեն դա եղել է, ցավոք սրտի: Ինչպե՞ս անել, որ մեր երկրում այլեւս չկրկնվի դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG