Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 6-ի մամուլ


«Հրապարակ»-ը «Ինչու են շտապում համանախագահները» վերնագրի ներքո գրում է. - «Հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրման պահից մեր իշխանությունն անհոգնել մի միտք է թմբկահարում` այս արձանագրություններում եւ մեր պայմանավորվածություններում չկան նախապայմաններ: Կարելի էր անգամ հավատալ իշխանությունների հավաստիացումներին եւ այդ ամենը վերագրել մասսայական պսիխոզին եւ չափից ավելի կասկածամտությանը, եթե երկու հանգամանք չլինեին: Մեկը` հայ - թուրքական արձանագրությունների վավերացման պրոցեսի կասկածելի դանդաղումը Թուրքիայի պառլամենտում եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների չափից ավելի ակտիվությունը տարածաշրջանում: Եթե ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդիրն անջատ խնդիր է, ուրեմն դրա շուրջ առանձնապես փութաջանություն դրսեւորելու կարիք այսօր չկար, բայց համանախագահները մեկ` հայտարարությամբ են հանդես գալիս, մեկ` տարածաշրջան են այցելում, մեկ հարցազրույց տալիս որեւէ լրատվամիջոցի եւ նշում, որ խնդիրը հարկավոր է կարգավորել: Ինչո՞ւ են շտապում համանախագահները: Գուցե նրանք ավելի՞ն գիտեն, քան մենք: Գուցե նրանք համոզված են, որ արձանագրությունների վավերացումը տեղի չի ունենալու մինչեւ ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի եւ Ղարաբաղին հարակից տարածքները չազատվեն: Գուցե նրանց վրա կոնկրետ հանձնարարությո՞ւն է դրված»:

Հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ, որը ասում է. - «Թուրքական կողմի համար կարեւորը ոչ թե արդյունքն է, այլ գործընթացը, որ Թուրքիային թույլ է տալիս մանեւրել՝ խուսափելով իր համար անցանկալի զարգացումներից։ Այս առումով, իհարկե, Թուրքիան սպասողական վիճակում է, եւ իրադարձությունների զարգացումը կախված կլինի միջազգային հանրության՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության վերաբերմունքից. այն է՝ ինչքանով ազդեցիկ կլինեն ճնշումները թուրքական կողմի նկատմամբ։ Իհարկե, թուրքերը չեն վախենում Հայաստանի ժողովրդագրական էքսպանսիայից, մտահոգություն չունեն, թե հայերը տնտեսապես կկլանեն Թուրքիայի տնտեսությունը, բայց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նրանց համար էլ շատ լուրջ, ցավոտ քաղաքական խնդիր է»։

«Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից անցել է գրեթե 20 ամիս, սակայն ոմանք շարունակում են մեղադրել ձեզ Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու համար, եւ դրանով են պայմանավորում «Օրինաց երկիր»-ի համեստ արդյունքները Երեւանի ավագանու ընտրություններում»: Բաղդասարյանը պատասխանել է. - «Ես բազմիցս պատասխանել եմ այդ մեղադրանքներին, այժմ էլ կրկնում եմ՝ քաղաքական այդ իրավիճակում ես կարող էի ընտրել երկու ճանապարհ՝ միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նպաստել երկրում քաղաքացիական պատերազմի բռնկմանը, կամ՝ ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը եւ կոալիցիա կազմել՝ նպաստելով երկրում կայունություն վերականգնմանը եւ մեր նախընտրական ծրագրերի իրականացմանը: Մեր թիմի ճիշտ ընտրության արդյունքում, վստահ եմ՝ կրճատվեց մարտիմեկյան իրադարձությունների զոհերի թիվը, թեեւ տվյալ պահին ոմանք ինձ չհասկացան, եւ ես վարկանիշի որոշակի անկում ունեցա: Այսօր արդեն, տվյալ ժամանակահատվածի իրավիճակը սթափ գնահատողները ընդունում եւ հասկանում են իմ քայլի անհրաժեշտությունը, որի արդյունքում մեր համախոհների բանակն այսօր ավելանում է: Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր»-ի գրանցած արդյունքների վրա, իհարկե, ազդեցություն ունեցավ նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո «Օրինաց երկիր»-ի նկատմամբ իրականացված «սեւ PR-ը», բայց մենք էլի հավաքեցինք 5,2 տոկոս ձայն»:


«Իրավունք de facto»ի հետ հարցազրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ասում է. - «Չնայած Հովիկ Աբրահամյանի ակնհայտ նախագահական ամբիցիաներին, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրան զիջել ո՛չ հանրապետության նախագահի, ո՛չ էլ ՀՀԿ-ի նախագահի պաշտոնները։ Ինչպես 1999-ին ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Ալբերտ Գորը Վազգեն Սարգսյանի առջև դրեց հայաստանյան քրեածին պլուտոկրատիայի ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ` պահանջելով այդ ցուցակում ընդգրկված հայտնի մականունավոր դեմքերին անհապաղ պատասխանատվության կանչել եւ վնասազերծել, այնպես էլ մեր օրերում է հասունանում Հայաստանին նույնանման պահանջ ներկայացնելու պահը։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու իր «շախմատային հաշվարկն» անել` հանգելով այն եզրակացության, որ իր համար նպաստավոր է ո՛չ թե ձեռքերը ծալած սպասել պարտադրանքի, այլ սեփական նախաձեռնությամբ ընդառաջ գնալ հասունացած անհրաժեշտությանը։ Ես համոզված եմ, որ օլիգարխիայի վնասազերծումը ժամանակի թելադրանք է եւ այլընտրանք չունի։ Ինչպես ժողովուրդն է ասում` «մկան վազքը մինչեւ կատվի մարագն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG