Մատչելիության հղումներ

Հայաստանում կբացվի Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդեսը


Այս շաբաթվա վերջին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի հայազգի ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների համեմատաբար խոշոր ցուցադրություն: Ցուցահանդեսը կանցկացվի «Գաֆեսճյան» ցուցասրահում:

Երեւանցիները հնարավորություն կունենա դիտել Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածում պահվող 16 գծանկարներ եւ 7 գեղանկարչական ստեղծագործություններ:

Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի առաջիկա կիրակի օրվանից եւ կտեւի մինչեւ հաջորդ տարվա հունվարի վերջը:

Սա Արշիլ Գորկու բնօրինակ նկարների առաջին խոշոր ցուցադրությունն է լինելու Հայաստանում:

Ամերիկայում իր ժամանակակիցների կողմից աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրը անվանված Գորկու ստեղծագործությունների ցուցադրություն այս օրերին անցնում է նաեւ Միացյալ Նահանգներում` Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում:

The New York Times-ի մեկնաբանը, անդրադառնելով Արշիլ Գորկու նկարների վերջին ցուցահանդեսին, գրել է. - «Երկու հանրահայտ բան կարելի է ասել նկարչի մասին. առաջինը, որ նա չափազանց ողբերգական վախճան ունեցավ, երբ կորցնելով անձնական երջանկությունն ու ստեղծագործությունների զգալի մասը` ինքնասպան եղավ: Եվ երկրորդ, նա է նկարել 20-րդ դարի ամենահոգեցունց նկարներից մի քանիսը»:

«Ինչպես նա փոփոխում էր իր ժամանակի գեղագիտական պատկերացումները, այդպես էլ վարվում էր իր անձնական կյանքի հետ», - շարունակում է հեղինակավոր պարբերականի մեկնաբանը` մանրամասնելով. - «Գորկին ծնվել է Արեւմտյան Հայաստանում, համարվում է, որ 1902 թվականին: Իրական անուն-ազգանունը Ոստանիկ Ադոյան է: Այնուհետեւ ընտրել է ռուսական Արշիլ Գորկի կեղծանունը: Համարվում է, որ այդ անունը նա վերցրել է գրող Մաքսիմ Գորկու եղբորորդուց, ով արդեն նկարչության ասպարեզ էր մտել, սովորել էր Կանդինսկու հետ, նրա ցուցադրությունները Փարիզում էին կազմակերպվել»: Այդպես, մեկնաբանի գնահատմամբ, «ուսյալ, բայց գյուղացի տղան վարվել էր, որպեսզի Նյու Յորքի կոսմոպոլիտ միջավայրում կարողանա գոյատեւել` հաշվի չառնելով, որ ռուս գրող Մաքսիմ Գորկին իր հերթին էր այն իբրեւ կեղծանուն ընտրել»:

Գիտե՞ր արդյոք Գորկին, որ գրողի իսկական անունը Ալեքսանդր Պեշկով էր, թե` ոչ, դա, ըստ The New York Times-ի մեկնաբանի, «այժմ նշանակություն չունի, քանի որ դա է Ամերիկան. դու կարող ես լինել նա, ով ցանկանում ես լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG