Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 31-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Արդեն հասարակության մեծ մասի կարծիքը մշակված-ավարտված է՝ հանրապետական-օրինաց-բարգավաճականները կողմ են հայ-թուրքական կնճռի հարթեցմանը, դաշնակցականները՝ դեմ։ Քանի որ թշնամության վերացումն ինքնին առաջադիմական քայլ է, իսկ դրան ընդդիմանալը՝ հետադիմական, ուրեմն պիտակներն էլ պատրաստ են՝ դաշնակցականներն ապրում են հարյուր տարվա վաղեմության արժեքներով, «եռամեծար» իշխանությունն ընթանում է արդի քաղաքակրթական զարգացումների հունով։ Ժամանակը ցույց կտա, թե որքան են իրենց մեղմ եւ հույժ սահմանադրական անհամաձայնության մեջ անկեղծ հեղափոխական ընկերները։ Մեր առջեւ կանգնած է թուրքական ազգային պետականություն, որի մերժած արեւելյան դեսպոտիզմի մեջ մեզ թաթախել են ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ական բեգերը՝ ժողովրդին հարստահարելու իրենց զորությամբ։ Հիմա ո՞վ է ճիշտ՝ Դաշնակցությունն իր հայապահպան դեգերումներո՞վ, թե՞ օլիգարխներն իրենց անհայրենիք ցինիզմով»։

«168 ժամ»-ին տված հարցազրույցում ՀՅԴ-ի Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ասում է. - «Խորհրդարանի մեջ միայն Դաշնակցությունն ու «ժառանգությունն» են, բայց խորհրդարանից դուրս էլ կան ուժեր, եւ հուսով ենք՝ առաջիկա քայլերը կստեծեն այն հնարավորությունը, որ այդ ուժերը, թեկուզ ոչ քաղաքական, միանան այս շարժմանը, եւ հասարակությունը իր տեսակետը հասցնի պատգամավորներին, եւ պատգամավորներն էլ ի վերջո ճիշտ կողմնորոշվեն։ Մենք բոլորին համոզելու կարիք էլ չունենք, կեսից ավելին է պետք։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա այս հարցում ավելի մոտ է իշխանության կեցվածքներին, քան թե այն ուժերին, որոնք ասում են, թե այս ձեւով պետք չէ վավերացնել արձանագրությունները։ Ճիշտ է, ՀԱԿ-ում կան առանձին ուժեր, նույնիսկ՝ անձնավորություններ, որոնք այս արձանագրությունների վավերացմանը դեմ են, բայց ՀԱԿ-ը, որպես հավաքական տեսակետ՝ դա չի արտահայտում։ Եթե ՀԱԿ-ը չի կիսում մեր տեսակետը, ի՞նչ անենք։ Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ ՀԱԿ-ը գա ու ճնշում բանեցնի իշխանությունների վրա, եթե չի կիսում մեր տեսակետը։ Ու եթե չի կիսում, ի՞նչ անենք, աշխարհի վերջը չէ»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Հարց է առաջանում, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային ակտիվացման դեպքում ի՞նչ դեր է վերապահվում ընդդիմությանը, եւ հատկապես ո՞վ կարող է ստանձնել այդ դերը։ Դատելով բանակցային գործընթացում առկա թեմատիկայից, կարգավորման առաջարկների բովանդակությունից՝ ընդդիմությանը Հայաստանում վերապահվում է այդ ամենի ընթացքը կանգնեցնողի դերը, քանի որ այդ ընթացքը ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի ազգային շահն ու անվտանգությունը։ Իսկ ինչպե՞ս կարող է ընդդիմությունը կասեցնել այդ ընթացքը։ Թերեւս միայն իշխանափոխությամբ, որովհետեւ Հայաստանի իշխանությունն իր կեցվածքով եւ գործողություններով կարծես թե չի թողել որեւէ այլ ճանապարհ։ Այլ հարց է, թե ինչքանով է իշխանափոխությունը Հայաստանում իրականություն կամ ով կարող է դա գլուխ բերել եւ ինչպես։ Ներկայումս խնդիրն այն է, թե Ղարաբաղի հարցում ինչ կարող է լինել իշխանափոխությունից հետո։ Բանն այն է, որ եթե դա հարցի ընթացքը կասեցնելու միակ հնարավոր տարբերակն է մնացել, ապա մյուս կողմից էլ՝ պետք է համոզված լինել, որ միայն կասեցնելը հարցի լուծում չէ»։

«Հայք»-ը տեղեկացնում է, որ երեկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք տեղին է թուրք հասարակության մտավախությունը, թե սահմանի բացումից հետո հայերը կգնեն իրենց հողերը, ասել է. - «Գագիկ Ծառուկյանին որ մնա, ամբողջ Արեւմտյան Հայաստանը կգնի»։ «Իհարկե», - գրում է թերթը, - «այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե իր առյուծներից յուրաքանչյուրին ինքը օրական տասը կիլոգրամ հորթի թարմ միս է տալիս ուտելու, չի կարելի կասկածել, որ ցանկության դեպքում նա կգնի ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ՝ նույնիսկ Ստամբուլն ու Անկարան։ Միայն թե, թուրքերը հանկարծ գլխի չընկնեն ու այնպիսի օրենքներ չընդունեն, որոնք կարող են ձախողել հայ օլիգարխի մտադրությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG