Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները հանդես կգան ամբողջական զեկույցով


Նախկին Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սեդա Սաֆարյանի հետ միասին նախապատրաստում են մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ մեկ ամբողջական զեկույց, որը հրապարակելու են մինչեւ տարեվերջ եւ ուղարկելու են եվրոպական կառույցներին։

Զեկույցում ներառվելու են Փաստահավաքի գործունեության ամիսներին հայթայթած բոլոր այն օբյեկտիվ փաստական նյութերը, որոնք մինչ այժմ բացահայտված չեն, որոնք դուրս են մնացել խորհրդարանական նախկին հանձնաժողովի վերջնական եզրակացությունից եւ հասարակությանն անհայտ են. Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը ի մի են բերում նյութերը վերջնական տեսքով հանրությանը ներկայացնելու համար:

«Կարծում եմ, որ գոնե այդ 7 ամսվա կտրվածքով որեւէ փաստ դուրս մնացած չի լինի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը: - «Ներառված կլինեն 4 զեկույցները, ներառված կլինեն նոր հանգամանքների ուսումնասիրությունները»:

Մինչդեռ, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցը թարգմանվել է եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է ներկայացվել եվրոպական կառույցներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«Չեմ կարող ասել, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի [հանձնաժողովի] նիստում դա քննարկվելու է, թե չէ, թե երբ է քննարկվելու, բայց թարգմանությունը, ըստ էության, ավարտված է, արդեն պատրաստի թարգմանությունը մենք հրապարակային կդարձնենք եւ նաեւ միջազգային կառույցներին կուղարկենք», - նշեց Նիկոյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին կայացած նիստում հպանցիկ անդրադարձավ Հայաստանի հարցին, սակայն «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը չքննարկվեց` թարգմանված չլինելու պատճառաբանությամբ: Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկում զեկույցին անդրադարձ կլինի:

Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի տակ չի ստորագրել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով անդամակցում էր հանձնաժողովին: Նա զեկույցը որակել էր «ոչ օբյեկտիվ», հրապարակել իր սեփական զեկույցը եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ չորեքշաբթի օրը, այն արդեն ուղարկել է ԵԽԽՎ-ին:

Արամ Կարապետյանը արձանագրել է, որ «մենք չկարողացանք բացահայտել ո'չ [2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց] մահվան հանգամանքները, ո'չ եղածի իսկությունը, ո'չ եղածի օբյեկտիվությունը, ոչ ոք դրա համար պատիժ չկրեց»:

«Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնախումբը բոլոր զեկույցները քննելիս պիտի նմանատիպ առաջարկ անի Հայաստանի իշխանություններին, որ պետք է ստեղծել մի բավականաչափ լուրջ մարմին, որը կարողանա այս ամենը, վերջիվերջո, ի մի բերել, տեսնել` ինչ է եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը` հավելելով. - «Գալիս եմ եզրակացության, որ ամբողջ գործընթացը, որը տարվել է «Մարտի 1»-ի հետ կապված` պաշտոնական փաստաթղթերի վրա, կարիք ունի նոր, շատ լուրջ հետաքննության»:

«Ո՞ր մարմինը պետք է դա իրականացնի, նախաքննական մարմնից ակնկալո՞ւմ եք այդպիսի լուրջ հետաքննություն», - այս հարցին Արամ Կարապետյանը արձագանքեց. - «Նախաքննական մարմինը արդեն արել է` ո՞նց ակնկալեմ: Բայց մի մարմին, որը պիտի հետեւի դրան, անպայմանորեն բացահայտի, թե ինչ է եղել իրավամբ, ինչի է դա եղել` քաղաքական ենթատեքստից սկսած մինչեւ մահվան հանգամանքների ճշտումը, դա` անունը կդնեք նոր փաստահավաք խումբ, որը էլ ցրելու իրավունք չլինի, անունը կդնեք նոր հանձնաժողով, նման մի մարմին պետք է»:

Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ անհրաժեշտ է համարում խորհրդարանում մոնիտորինգի հանձնաժողով ստեղծել, որը իրավասություն կունենա վերահսկել մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման գործընթացը:

Այդ առաջարկին Արամ Կարապետյանը արձագանքեց այսպես. - «Չէ, ես դրան չեմ հավատում: Այսինքն, այդ [«Մարտի 1»-ի] հանձնաժողովը, որը ամենաբարձր կարգավիճակն ուներ, ի՞նչ արեց, որ հիմա էլ մոնիտորինգն ինչ անի: Ես պատկերացնում եմ հանձնաժողով, որի մեջ ընդգրկված կլինեն [լուծարված] Փաստահավաք խմբի անդամներից որոշները, «Մարտի 1»-ի հանձնաժողովից որոշները, նախաքննական մարմնից որոշները, դատախազության ներկայացուցիչներից միգուցե, զոհվածների ընտանիքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG