Մատչելիության հղումներ

Փաշինյանի դատավարության ժամանակ երկու ցուցարար բերման է ենթարկվել, մեկը տեղափոխվել է հիվանդանոց


«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներից երկուսը բերման են ենթարկվել, իսկ մեկը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա վկայությամբ` բերման են ենթարկվել Սարգիս Գեւորգյանը եւ Սարգիս Խաչատրյանը, որոնցից «մեկը անչափահաս է, մյուսն էլ կա'մ անչափահաս է, կա'մ սահմանագծին է», իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աստղիկ Աղեկյանը:

Վլադիմիր Կարապետյանը, ով տվյալ պահին ներկա է եղել, պատմեց հետեւյալը. - «Ինձ մոտեցավ [Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի] Օսիպյանը ասաց, որ իբրեւ թե աղմուկը խանգարում է այլ դատավարություններին, ես էլ ասացի` «օրենքով սահմանված կարգով` բարձրախոսով, խնդրում եմ այդ տեղեկությունը փոխանցեք»: Այնուհետեւ որեւէ հայտարարություն չանելով, փաստորեն, իրենք մեջքի հետեւից, նենգաբար սկսեցին հետապնդել երիտասարդներին եւ երկուսին տարան բաժին: Աղջիկներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG